են հոգեկան հարվածներ, որոնք չարաչար հիվանդություններ են բերում։
— Հա՛, Սալբի, մեր պսակի հետ ընկնելը խիստ սաստիկ կերպով պաշարեց իմ միտքը, որով երևակայությունս վառված էր տխուր և տրտում մտածություններով, և մի անտանելի կասկածանք, մի տարապայման երկյուղ՝ ինձ անգամ անհասկանալի — մաշում էին իմ անձը. և այժմ իսկ, այդ դժնդակ երկյուղը և կասկածանքը— ինձնից չեն հեռանում։
— Ինչո՞ւ, այդ թուլասրտություն է։
— Ա՜խ վիշապը... այն կատաղի վիշապը... միթե չէ՞ ցույց տալիս, որ մի թշնամի ձեռք հսկում է մեր վրա։
Օրիորդը համակրաբար նայում էր յուր սիրողի երեսին, ասես թե, միևնույն կասկածանքը նկարված էր նրա աչքերի մեջ ևս։ Այո՛, և մի այդպիսի երկյուղ թաքնված էր խեղճ օրիորդի սրտում...:
— Պետք է հեռու դնել այդ ունայն և սրտամաշ տրտմությունները, իմ սիրելի,— մխիթարական կերպով խոսեց օրիորդ Սալբին,— առանց դրանց, դարձյալ մեր կյանքը լի է տառապանքներով.
Ռուստամը մտածության գնաց, ոչինչ չպատասխանեց։
— Արդարև. ո՛րքան քաղցր է մահը, երբ այս կյանքը լի է ցավերով,— ասաց օրիորդը։
— Մահը հանգստացնում է մարդու դժբախտությունները,— պատասխանեց Ռուստամը։
— Ա՜խ, ո՜րքան կփափագեի ես շուտ մեռնել, եթե քեզ, Ռուստամ, չթողնեի այս աշխարհում միայնակ։
— Ինչո՞ւ, քո անձը դեռ լի է դալար և թարմ կյանքով։
— Չէ՛, իմ սիրելի, որպես ասացիր — մահը հանգստացնում է մարդկանց դժբախտությունները,— ասաց օրիորդը։
— Ուրեմն ես կհետևեմ քեզ դեպ հավիտենական կյանքը, — պատասխանեց Ռուստամը։
Օրիորդ Սալբին, երեսը մի կողմ շրջեց, և սրբեց աչքերի արտասուքը, խղճալու սիրտը նույն րոպեին, դարձրել էր տրտմության մի ծով...: Մի ցավալի իրողություն, որ այնքան ծանր դրված էր նրա սրտի վրա, կամենում էր հայտնել, բայց չէր համարձակվում։ Նա մտածեց հայտնել այդ — հարևանցի կերպով։
— Այսպիսի անմխիթար խոսակցությունները,— ասաց օրիորդը,— դարձյալ կավերեն քո առողջությունը. լավ է խոսենք մի փոքր ուրախալի բաներ։