Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրնիբուն աշխատում է, կար է անում, կարած ամեն մի ջվալի համար ստանալով մեկ կոպեկ: Զարհուրելի է նրա այժմյան կյանքը- թշվառությա՜ն ծով։ Նախկինում հարուստ Խոջաբաշյանի այրին Աղա-Պարոնովի անթիվ զոհերից մեկն է, որին զբնել, խաբել, որին զրկել է կտոր հացից նույն Աղա-Պարոնովը։ Բուրժուազիայի ներքին հակասությունների, նախակուտակման էպոխայի տիպական երևույթների պատկերն է գծում Րաֆֆին:

Հայ գրականության մեջ բոլորովին նոր էր վեպում նկարագրված ոուս կնոջ՝ Սոֆիա Իվանովնայի կերպարը, որի դառը կացությունը, բայց և՛ խելքը, և՛ ապրումները Րաֆֆին նկարագրում է մի ներքին սիրով դեպի այդ կինը։ Աղա-Պարոնովի օրինակի վրա ուսումնասիրում ենք հայ բուրժուազիայի կենսագրությունը, ա՛յն ճանապարհը, որ անցել էին Սունդուկյանի Զամբախովը, Զիմզիմովը, Փարսիղը, անցնում էր Պռոշյանի Միկիտան—Սաքոն, դեռ պիտի անցնի Շիրվանզադեի Մարկոս աղա Ալիմյանը։ Եվ եթե պ.Ք-ն և Աղա-Պարոնովը երկու տիպական ընդհանրացումներ էին, Րաֆֆին, հալածելով թշնամուն մինչև իր որջր, գտնում է մի երրորդ տիպը- Ճանճուր Իվանիչին, ստեղծում է Զահրումարը վեպը, ամենափոքր դիտողության մեջ անգամ հարազատ մնալով ռեալ իրականությանը:

Իրական պատկերներից հյուսված այս նոր գրվածքը ևս տալիս է առևտրական աշխարհի, նրա հասարակության ամբողջական նկարագիրը։ Ճանճուր Իվանիչ, Սոֆի, մոցիքուլ Սամիլ Պետրովիչ, տիկին Բարբարե և այլք — ադ հասարակության բազմազան արտահայտություններն են։ Եվ, սակայն, ամենացայտունը, հասարակ անուն դարձած դեմքը, Ճանճուրն է՝ Րաֆֆու ստեղծած հոյակապ տիպերից մեկը: Փողի թողած քայքայիչ ազդեցությունը և նրա «ամենակարող» ուժը վիպասանը բացահայտում է վերին աստիճանի խորաթափանց կերպով։ «Փողը,- նկատում է Րաֆֆին,— կույրին աչք է տալիս, կաղին ոտք, փողը գժին խելք է տալիս, երկչոտին սիրտ, փողը տկարին ուժ է տալիս, գերիին ազատություն, փողը սովածին հաց է տալիս, մեռյալին կյանք. ուրիշ ի՞նչ հրաշքներ չէ գործում փողը...։ Այդ պատճառով Ճանճուր Իվանիչը աստվածությունը երկու էր բաժանում,- գրում է Րաֆֆին.— երկնքի աստվածը, ասում էր նա, Քրիստոսն էր, բայց երկրի աստվածը — փողն է։ Նրա՛ համար պետք է ապրեն, նրա՛ն միայն հարգությամբ պետք է պաշտել, որովհետև առանց փողի մարդը զրկվում է մարդ լինելուց...»[1]: Քողարկման միջոցը կրոնն ու եկեղեցին դարձնելով, Ճանճուրը տարին մեկ անգամ հաղորդվում է, կաշառելով տերտերին՝ մեղքերին թողություն ստանում և «սրբվում էր» որպես սրբվում է սևացած պղինձը կլեկագործի արհեստով»[2]։ Քծնելով ցարական կառավարությանը, ինքը ևս ձեռք է բերում սողունի հատկություններ. — «Արդարև, Ճանճուր Իվանիչը յուր տանից դուրս, հասարակության մեջ խոնարհ էր, որպես ավանակ, երկչոտ էր որպես նապաստակ, կեղծավոր և շողոքորթ էր որպես կատու, և շողոմիչ քծնվող էր, որպես շուն, իսկ յուր ընտանեկան շրջանում կատաղի էր, որպես արջ»[3]։

Րաֆֆին տեսնում է, որ մարդկային լավ գծերը մեռնում են ճանճուրների միջավայրում։ Այդպես այլասերվում է Սոֆին. այլասերվում են մյուսները: Վեպում

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, երկրորդ հատոր, էջ 16, Երևան, Հայպետ-հրատ, 1955 թ.։
  2. Նույն տեղը, էջ 13։
  3. Նույն տեղը, էջ 21