նա յուր տունը չէ նորոգում, սովորաբար պատասխանում էր.— «Օ՜րհնած, մեր փրկիչը չուներ յուր գլուխը դնելու մի տեղ անգամ. ես նրանից ավելի չեմ. ա՛յս դեռ շատ է ինձ համար»։ Անտարակույս, այդ համեստաբանությունը չէր բխում քահանայի ուղիղ և ներքին համոզմունքից. և եթե մի մարդ նրան ձրի բաշխելու լիներ մի փառավոր ապարանք՝ տեր Մարկոսը երբեք չէր համաձայնի բնակվիլ աղքատին խրճիթի մեջ։
Գյուղական տնտեսությանց պայմանների նկատմամբ շատերը մտածում էին, թե տեր Մարկոսի համար խիստ դժվարին էր միայնակ, յուր կուզ և խեղանդամ ծառայի հետ կառավարել յուր ապրուստը։ Որովհետև գյուղերը քաղաք չեն, որ ամեն ինչ կարելի լիներ պատրաստի գնել շուկայից։ Այստեղ ամեն մարդ, յուր տան մեջ պիտի հաց թխե, կերակուր եփե, գինի շինե, և պատրաստե ամեն բան, որ մեր կենսական պիտույքն է կազմում։ Տեր Մարկոսի համար՝ ո՞վ էր պատրաստում դրանք — ո՛չ ոք։ Նրա թոնիրը սառն էր՝ որպես անապատի մեջ մի գերեզման։ Նրա տան գիշերները երբեք չեն լուսավորված յուղային ճրագով,— և պետք է՛լ չկար, որովհետև, սկսած այն երջանիկ օրից, երբ նրա ուսերի վրա ձգեցին քահայանական փիլոնը, հացի և կերակրի խնդիրը վերացավ, մանավանդ, հյուր ընդունելու և աղքատ պատսպարելու հարկադրիչ պարագաների չգոյության շնորհիվ, ուր որ կար հարսանիք, կնունքաճաշ, մեռելի հոգեհաց կամ որևէ այլ կոչունք՝ սեղանների առաջին տեղը բռնում էր տեր Մարկոսը, յուղալի բաժինները նրա առջև էին դրվում, և նրան էին մատուցանում լի-լի բաժակները։ Յոթն հարյուր տուն ժողովուրդ ունեցող մի գյուղի մեջ՝ որպիսին էր Ծաղկավանը — համարյա՛ ամեն օր պատահում են այդպիսի բախտավոր դեպքեր։ Տեր Մարկոսի ծառան, որ «Եւ եւս խաղաղութիւնից» ավել բան չգիտեր, սովորաբար, բուրվառը ձեռքից քարշ գցած, կաղկղալով՝ հետևում էր քահանային, ուր և գնալու լիներ նա։
Փա՜ռք մատուցանելով այն երանելի հանգամանքներին, թե «Մաշտոցի և Տոնացուցի» շնորհիվ ո՜րքան օգտաշատ արտոնություններ էին վայելում հայ քահանաները — տեր Մարկոսը, ո՛չ թե մինչև տարեգլուխ մի փարա ծախս չունե՛ր, այլ, ընդհակառակն, կարողանում էր բավականաչափ արծաթ որսալ: Մենք ավելորդ ենք համարում մի ըստ միոջե թվել, թե ո՛րքան արծաթ էր նա ստանում պսակի, մկրտության, թաղման, և այլ եկեղեցական խորհուրդների համար, բայց չէ կարելի չասել նրա շահախնդրությունը —