Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էին։ Սնահավատ մարդկանց ավանդությունը պատմում է, թե հարուստ իշխաններից շատերը, իրանց հոգվո համար, կամեցել են նորոգել այդ եկեղեցին, բայց սուրբ Սարգիսը նրանց երազում երևալով հայտնել է, թե ինքը ուրախ է բնակվելու մի այդպիսի աղքատ ավերակների մեջ, այդ պատճառով նրան անվանում են անփառասեր, աղքատ սուրբ Սարգիս։ Ռամիկների մեջ այդ սրբազան ավերակները մեծակշիռ համարում ունին։ Կիրակեմուտ երեկոներին գյուղացի մոլեռանդ պառավները նրա փլատակած քարերի վրա վառում են իրանց յուղային ճրագները, աթարի կրակի վրա ծխում են լի բուռով անուշահոտ խունկեր, և իրանց երեկոյան աղոթքը ջերմեռանդությամբ կատարելուց հետո, թավալվում են նրա սուրբ հողերի և փոշիների մեջ, և իրանց երեսները այն նվիրական քարերին քսելով, սրբազան զգացմունքներով լի՝ դառնում են տուն։ Ջերմախտով և այլ ցավերով տկարացած բազմաթիվ հիվանդներ ամեն օր քնած են լինում այդ կիսակործան կամարների տակ, ջերմ հույսով, թե զորավոր սուրբ Սարդիսը իրանց ապաքինություն կպարգևե։

Սուրբ Սարգսի տոնախմբության օրերին, ամեն տարի, Զարեհավանի բոլոր գյուղերից այդտեղ հավաքվում են երկու սեռի անթիվ և անհամար ուխտավորներ։ Ծաղկավանում հանդիսանում է մի մեծ բանայիր, ուր տեր Մարկոսը յուր բոլոր եկեղեցական խաբեությամբ, մի մեծ և առատ վաստակ է ժողովում ռամիկ խառնիճաղանջի սնապաշտությունից։

Այդ սպանդարամետական հանդեսի մեջ հայ մարդը ձևանում է յուր հոգևոր և մարմնավոր բոլոր խնդություններով։ Բազմաթիվ նորահարսեր, աղջիկներ, սիրուն կանայք, տղամարդիկ, պառավ տանտիկիններ, ալևոր ծերունիներ, բոլորը զուգված զարդարված իրանց հարսանիքի հագուստներով, մի կողմից կատարում են սրբազան պաշտամունքներ, մյուս կողմից՝ ամբողջ յոթն օր և յոթն գիշեր, տեսակ տեսակ նվագարանների, սազի, չոնգուրի, դհոլի, զուռնայի ձայներով, խառնված միմյանց, պար բռնելով, երգ երգելով, ուտում, խմում, ուրախանում են...։ Շատ անգամ մի ախտալից, սիրաբորբոք պատանի, ոգևորված այն ռոմանական զգացմունքներով, թե ինչպես էր սուրբ Սարգիսը փախցրել հույնի աղջիկը, երբ տեսնում է մի գյուղացի սիրուն աղջիկ, որ յուր մոր հետ եկել էր ուխտ, իսկույն նրա մեջ վառվում է սերը... նա պարի մեջ մոտենում է աղջկան... շշնջում է նրա ականջին մի քանի սիրո խոսքեր... այդ կախարդական խոսքերը հրապուրում են