Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելացնելով տեր Մարկոսի ժլատությամբ և չափազանց կծծությամբ ապրուստը, հասկանալի է, որ նա կարողացել էր ժողովել բավականաչափ արծաթ։ Նա յուր արծաթը փոխառության կամ շրջաբերության չէր դնում, ո՛չ՝ այդ արարքի աստվածային օրենքով արգելված լինելու պատճառով, այլ յուր գանձը թաղում էր հողի մեջ, կամենալով ժողովրդի աչքին ձևանալ աղքատ, ողորմելի և խեղճ քահանա — ավելի աջահամբույր ստանալու համար։ Այդ նկատառումով նա միշտ ման էր գալիս պատառոտված հագուստներով և բոբիկ ոտներով։ Նրա մահուդի վերարկուն, քրքրված և եղոտված, կրում էր յուր վրա նրա նորընծայության օրերի թվականը։ Նրա մորթի գդակը, կորցնելով յուր բուրդը, նմանում էր գլխի վրա դրած մի պարկի...։

Տեր Մարկոսը (քանի՜ հազար այդպիսի տեր Մարկոսներ ունինք մենք...), Մաշտոցին և Տոնացուցին ծառայելը յուր քահանայության միակ նպատակը դարձնելով և քրիստոնեության բուն խորհրդին մի տարապայման և խոտորնակի կերպարանք տալով՝ փրկչի սուրբ Ավետարանը արել է մի ուռկան — յուր նյութական օգուտը որսալու։

— Հը՜մ... դո՞ւ էլ սկսեցիր մեր հոգևորականների ջիղը ծամել և նրանց ոտից քարշ տալ,— իմ խոսքը կտրում է նեղսիրտ հնամոլը, երեսը խոժոռելով և աչքերից կայծակ թափելով։

— Ո՛չ, պարոն,— պատասխանում եմ ես.— իմ ասածը տեր Մարկոսի համար էր... դուք կճանաչեք, թե ինչ պտուղ է տեր Մարկոսը... հրամայեցե՛ք Ռեսի հետ, ձեզ ներս կտանեմ նրա տունը, և ավելի լավ կծանոթացնեմ նրա հետ։

* * *

Չարության դևը մտած Ռես Վասակյանի սրտի մեջ, չարաչար խռովում և ամբոխում էր նրա հոգին։ Նա, միայնակ, վաղ առավոտյան, գնում էր Ծաղկավանի մի նեղ և ցեխոտ փողոցով, և նրա գլուխը նույն րոպեին ծանրացած էր ամենազարհուրելի մտածություններով... «Այն՝ որ հանձնառու չեղավ կատարել մարմնավոր բժիշկը... անպատճառ կկատարեմ հոգևոր բժշկի ձեռքով...», ստեպ ստեպ կրկնում էր նա յուր մտքի մեջ։

Վերջապես նա կանգ է առնում մի դռան առաջ, որ ճխանի վրա բաց էր, և առանց մուրճը զարկելու, կամ իմացում տալու, ներս է մտնում նախագավիթը, և յուր հետևից փակում է դուռը։ Նա, ոտքի