Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարզորոշ քննադատվում է ցարական կաշառակեր բյուրոկրատական սիստեմը, տրվում է լրտես, իրավաբան Դյաչկովի կերպարը: Ցարական իշխանությունն էլ անհանդուրժողական վերաբերմունք է ցույց տալիս հայ ազգային ինքնագիտակցության մտավոր շարժման նկատմամբ:

Նետելով իրեն խոշոր քաղաքներից դեպի գավառ, ուշադրությունը կենտրոնացնելով բուն երկրի վրա, վերցնելով գավառական քաղաքն ու գյուղն իբրև նյութ, Րաֆֆին «Ոսկի աքաղաղ» վեպում գործողությունը տանում է նաև Մոսկվա: Րաֆֆին ստեղծում է հավերժ իրենց թարմությունը պահպանող պատկերներ ու տիպեր, նախ և առաջ Մասիսյանի տիպը:

Մասիսյանը դարաշրջանային ընդգրկում է, մի ընդհանրացում, որի միջոցով հեղինակը խտացնում է դարասկզբից զարգացող և յոթանասունական թվականներին իր տիրապետության բարձրակետին հասած սոցիալական մի ամբողջ խավի դիմանկարը: Հայկական բնաշխարհում ավելի քան կեսդարյան պատմություն ունեցող, այնտեղ իր արմատները գցած վաշխառուն և վաճառականը Րաֆֆու գրվածքում հանդես է գալիս ողջ էությամբ, իր սաղմնավորումից մինչև գերիշխանության հասնելը, իր պրակտիկայով ու իր հոգեբանությամբ: «Ոսկի աքաղաղ» վեպը երբեմն և «տնտեսական» տրակտատի տպավորություն է թողնում այնքա՜ն շատ, այնքա՜ն մանրամասն ու տիպական տվյալներ են բերված այնտեղ երկրի կյանքի վերաբերյալ:

Գավառի ամենամեծ հարուստը քայլ առ քայլ, մեթոդիկ կերպով մխրճվել է քաղաքի ու գյուղի կյանքը, հյուսել է մի ցանց, որի մեջ, ինչպես սարդոստայնի մեջ, ընկնում են բազմաթիվ զոհեր, առավելապես գյուղացիներ: Գյուղացին իր հերթին հավատ չի ընծայում քաղաքին: Խոնարհ, լռակյաց մարդ է Ավետ ապերը, մեկը նահապետական հայ գյուղացիներից, սակայն նա խորը կերպով է դրսևորում գյուղի տնտեսական ու սոցիալական ողբերգությունն ու հավատի բացակայությունը դեպի քաղաքը, նա ասում է.—«Մենք որ կանք, քաղաքացիների ճորտերն ենք: Տարին տասներկու ամիս աշխատում ենք, վարում ենք, ցանում ենք նրանց համար: Մեր ալյուրը, մեր յուղը, մեր պանիրը առնում են, ուտում են, փողն էլ իրանց ջեբն են դնում: Հին պարտքը մնում է ու մնում։ Ամեն անգամ բեռներով քաղաք ենք գնում ու դատարկ ետ դառնում և ամոթով մտիկ ենք տալիս մեր կնիկների, մեր երեխեքի երեսին, երբ մեզանից հարցնում են, թե «քաղաքից» ի՞նչ բերեցիք մեզ համար»[1]:

Վեպը ծայրեիծայր հարուստ է գյուղացու վիճակը պատկերող տեսարաններով, հատկապես Ավետ ապոր և Մասիսյանի փոխհարաբերությունները ցույց տվող կոնկրետ ու խիստ տպավորիչ դրվագներով, որոնցից կարելի է իմանալ, թե գյուղացին ինչպիսի սոսկալի կախման մեջ է վաշխառուից և վաճառականից, որ այդ կախումը վերջ չունի, վերջ չունի և մասիսյանների խաբեությունը, շահագործումը, քանի գոյություն կունենա տիրապետող սիստեմը: Այդ սիստեմը վերականգնել է մարդավաճառությունը, և Րաֆֆին շատ դիպուկ է դարձնում այն երևույթի նկարագրությունը, երբ գյուղացու որբ երեխային ծախում են ստոր հաշիվներով գոյացած պարտքի դիմաց: Զամբախովի նման, Մասիսյանը ևս որոշել է, որ գոյություն ունեցող կյանքը բնական է և բանական, որ աշխարհը ուրիշ կաոուցվածք չի էլ կարող ունենալ: Րաֆֆին իր հերթին Մասիսյանի տիպը

  1. Րաֆֆի. Երկերի ժողովածու, երրորդ հատոր, էջ 386, Երևան, Հայպետհրատ 1955 թ.