Տեր Մարկոսը վերցրեց Հուդայի արծաթը, համբուրեց, այնուհետև ասաց.
— Բայց պետք է, այդ գործը մնա գաղտնի մեր երկուսի մեջ։
— Բերեք Ավետարանը, ես կերդվեմ, եթե չեք հավատում։
Տեր Մարկոսը դրեց գետնին Ավետարանը։ Ռես Վասակյանը սկսեց զարհուրելի երդումներով երդվել։
— Ես կպատրաստեմ թունավոր հաղորդությունը, միայն պետք է մի հնար գտնել, որ նրանք, այսինքն տեր-Առաքելենք ցանկանային հաղորդել իրանց հիվանդը,— ասաց տեր Մարկոսը։
— Այդ հոգսը թողեք ինձ,— պատասխանեց Ռեսը ուրախությամբ.— միայն դուք պատրաստ եղեք, երբ կանչեն ձեզ։
— Շատ բարի։
— Մնաք բարյավ։
— Գնացեք խաղաղությամբ։
Ռես Վասակյանը հեռացավ։
ԻԳ
ՏԻՐՈՋ ՄԱՐՄԻՆԸ
Պարոն Ռուստամի հիվանդությունը օրըստօրե ծանրանում էր։ Մըստր Սեյսունը բանացրել էր յուր բժշկական բոլոր հնարները — մնացել էր անճար։ Նկատելով յուր հիվանդի մեջ ավելի բարոյական ցավեր, քան թե ֆիզիկական, նա պատվիրում էր հեռու պահել հիվանդից այն բոլորը, որ կարող էր նրան հոգեկան խռովություն պատճառել։ Մանավանդ նա արգելում էր տեր-Առաքելենց բարեկամների անտանելի այցելությունները, որոնցից խորշում էր հիվանդը յուր առողջության ժամանակ իսկ։
Պարոն Մելիքզադեն, միայնակ հիվանդի մոտ, կատարում էր նրա բոլոր ծառայությունները։ Աշխարունիները գալիս էին երբեմն։ Մահտեսի Ավետիսը և տիկին Սկուհին չէին կարողանում ցամաք աչքով նայել իրանց որդու վրա, այդ պատճառով գալիս էին նրա մոտ խիստ սակավ։ Բայց Հուրի Խան-Դայան յուր մի քանի պառավ ընկերուհիների հետ, չէին թողնում հիվանդին հանգիստ մնա։ Նրանք շատ անգամ, մըստր Սեյսունից գաղտնի, միջոց գտնելով, մտնում էին պարոն Ռուստամի մոտ, և նյութում նրա