Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեր Մարկոսը, լսելով նրա կոշտ պատասխանները, չափազանց վշտացավ և կամենալով պապանձեցնել նրան, մտածեց առաջարկել մի այնպիսի հարց, որին չկարողանար պատասխանել նա։

— Դո՛ւք, որ այդպես մեծ-մեծ խոսում եք, պատասխանեցեք, եթե գիտեք — ինչո՞ւ համար Քրիստոս աշխարհ եկավ։

Պարոն Մելիքզադեն ակամա ժպտեց։

— Քրիստոս յուր կամքով աշխարհ չեկավ, որ հարկ լիներ քննել նրա նպատակը։ Նույնպես, եթե նա յուր կյանքի ասպարեզում ընտրել էր առավել ուղիղ և ազնիվ պարտք — բարեկարգել և վերանորոգել ավերված մարդկությունը — նրա հոգու մի այդպիսի ձգտումը, չենք կարող համարել մի գերբնական և նախասահմանյալ բան — այլ, բարի և խելացի մարդու գործ։

Տեր Մարկոսը, համարյա չհասկանալով յուր խոսակցի ասածը, առաջ տարավ.

— Ձեր խոսքերը այնպես մութն են, որպես դրսում խավար գիշերը։ Բայց եթե դուք կխոստովանեք ձեր տգիտությունը սուրբ գրոց մեջ, ես կպատմեմ, թե ի՞նչ պատճառով Քրիստոս աշխարհ եկավ։

— Իհա՛րկե, ո՛րպես կարող է մի աշխարհական մարդ ձեր չափ տգիտություն ունենալ...— կատակով ասաց պարոն Մելիքզադեն։

Տեր Մարկոսը, յուր լսածը ուղիղ համարելով, ասաց.

— Քրիստոս աշխարհ եկավ Ադամի սատանային տված «ձեռագիրն» ջնջելու համար։

— Ի՞նչ ձեռագիր էր այդ,— հարցրուց նա ծիծաղելով։

— Սատանան, օձի կերպարանքով դրախտն մտնելով, խաբեց նախաստեղծ մարդիկը, նրանց ուտեցնելով թզենու արգելված ծառի պտղից։ Աստված անիծեց Ադամին և Եվային, և արտաքսեց դրախտից ա՛յն ժամուն, երբ դրսում մութ էր։ Նրանք, դրախտի մեջ միշտ լուսո մեջ բնակված լինելով՝ շատ տխրեցան խավարի համար։ Սատանան, գիտանալով, որ լուսաբացին հազիվ մեկ ժամ էր մնում մոտեցավ նրանց, ասաց, թե ինքը կարող էր նրանց համար լույս բերել։ Նախածնողքը ուրախացան, աղաչեցին չար ոգուն։ «Ինձ ի՞նչ վարձ կտաք դրա համար», ասաց սատանան։— «Մենք մերկ ենք, մենք ո՛չինչ չունինք», պատասխանեցին նրանք։ —«Ո՛չ, դուք ունիք մի բան, որ, կարո՛ղ եք տալ ինձ», խոսեց սատանան. «խոստացեք ինձ տալ ձեր ու ձեզանից ծնված սերունդի հոգիները»։

Ադամն ու Եվան, չհասկանալով, թե ինչ բան է հոգին՝ խոստացան