Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցնորք, և ամենևին չհավատալով յուր լսածներին, ծունկ իջավ հատակի վրա, և սկսեց ջերմեռանդությամբ աղոթել։

Միևնույն րոպեին՝ մի ձեռք խթեց պարոն Մելիքզադեի կողքը։ Նա աչքերը բաց արեց, յուր մահճի մոտ տեսավ օրիորդ Նազանին, օրիորդ Սալբիի աղախինը։

— Վեր կաց,— ասաց նա,— հալածիր այդ չարագործները, որ հաղորդության մեջ թույն են կամենում մատուցանել Ռուստամին։

— Դա Խլվլիկն էր՝ օրիորդ Նազանու կերպարանքը առած...։

ԻԴ
ԽԱՉԱԳՈՂԸ

Ռես Վասակյանի մինչ այժմ կատարած չարագործություններն անգամ բավական կարող էին լինել բնորոշելու նրա նկարագիրը։ Մեզ ներելի կլինի մի լրացուցիչ տեղեկություն ևս տալ նրա պատանեկական և երիտասարդական հասակում վարած կյանքի և արարքների մասին։

Ռեսը, յուր տասնևութ տարեկան հասակում, մի չնչին պատճառով՝ Ծաղկավանում, մի մարդ սպանած լինելու համար՝ այլևս չկարողացավ գլուխ պահել այնտեղ, փախստական եղած, հեռացավ դեպ օտար աշխարհներ։ Թափառելով Եվրոպայի քրիստոնյա տերությունների մեջ, նա երկար ժամանակ ապրում էր մուրացկանությամբ։ Բայց երբ մի փոքր ծանոթացել էր այդ ազգերի բնավորությունների հետ՝ մի այլ դժնդակ միտք հղացավ նրա մեջ։ Եղեռնական գաղափարը շուտով կերպարանագործվեցավ նրա մտքի մեջ, և դրա իրագործման համար՝ նա անցավ դեպ Ռուսաստան։ Այնտեղ նա գտավ յուր երկրացի մի քանի շրջմոլիկ ծանոթներ, որոնք նույնպես ապրում էին մուրացկանությամբ, և գրավելով նրանց կամքը՝ իսկույն որսաց դեպ յուր կողմը։

— Հունձքի ժամանակ է, եղբայրնե՛ր,— ասում է նա յուր ընկերներին.— նայելով այս ազգի հիմարության մեր գործը լավ առաջ կգնա այս երկրում։

Ի՞նչ գործ էր այդ։

Ռեսը՝ յուր ընկերների հետ իսկույն կազմեց ավազակների մի