է «Երուսաղեմի աբեղաներին» յուր տունը— պատվասիրելու համար։ Իսկ գիշերը, երախտագետ «աբեղաները» խեղդում են հյուրընկալը և կողոպտում նրա տունը։
«Խաչագող» կոչվում էին նրա համար, որ շատ անգամ նրանք իրանց ընկերներից մինը մեռած ձևացնելով՝ դագաղի մեջ դնում են եկեղեցում։ Մեռելը, գիշերվա ընթացքում հարություն առնելով՝ գողանում է եկեղեցու թանկագին անոթները, արծաթի խաչրը և այլն։ Պատահել են այնպիսի դեպքեր, որ եկեղեցու խաչերը իրանց դագաղի մեջ առած միասին մտնում են գերեզման, այնուհետև գերեզմանից հարություն է առնում ավազակը յուր կողոպուտներով։ Հրաշալի՜ գողություն․․․։
«էշ ներկող» կոչվում էին նրա համար, որ շատ անգամ կարգի անդամները, գողանալով սպիտակ գույնով ավանակներ և ձիեր, ու մի այլ գույնի ներկելով՝ վաճառատեղի էին դուրս բերում և ծախում, այնպես, որ եթե տերերն անգամ իրանք ևս գնելու լինեին՝ դժվարությամբ կարող էին ճանաչել իրանց գրաստները։
Վասակյանը Ռուսաստանում գտավ առևտրի մի նոր եղանակ, այսինքն, վաճառել յուր կրոնը և ընդունել հունա-սլավոնական դավանություն։ Երբեմն՝ հա՛յ եմ, ասելով, երբեմն հրեա, և երբեմն թուրք եմ ասելով, խաբում էր նա ռուսաց մանախներին (կուսակրոն) և մեծ արծաթ ստանալով՝ պարբերաբար ընդունում էր նրանց կրոնը։ Այդ տեսակ կրոնավաճառությունը շարունակել է նա ամեն տեղ, ուր չէին ճանաչում նրան։ Բայց այն միակ կարոտը մնաց Վասակյանի սրտում, և կմնա մինչև նրա մահը, որ, չնայելով նա Ռուսաստանում քսան անգամ ռուս էր դարձել, քանի անգամ կաթոլիկ, քանի՛ անգամ պրոտեստանտ, բայց Թուրքիայում չհաջողեց երկու անգամ փող ստանալ և ընդունել իսլամը, որովհետև, երկրորդ անգամ, երբ կամեցան թլփատել նրան՝ տեսան, արդեն կտրած էր.․․։ Վասակյանը երկար հավատացնել էր ջանում, թե ինքը հրեա է, և երեխայությունից ունի թլփատություն, բայց քանի որ նա առաջուց սխալվել էր, ասելով, թե հայ է նրան չհավատացին։
Չնայելով Վասակյանի սատանայական խորամանկությանը, նրա անսանձ հանդգնությանը և ճարտարամիտ հնարագիտություններին, նա մի անգամ բռնվեց, երբ յուր ընկերների հետ նստած, կեղծ թղթադրամներ էին շինում։ Դրանով նա ոչ միայն կորցրեց յուր ունեցած բոլոր հարստությունը, այլև աքսորվեցավ դեպի Սիրիրիայի հեռավոր գավառները։