համարձակ կարելի՞ է խոսել, ոչ... արծվի նման ծվատում է և օձի նման թույն է թափում...։
— Ուրեմն, ի՞նչ ես կարծում դու, չէ՞ կարելի...
Ռեսի ձայնը խեղդվեցավ սրտի վրդովմունքից։ Նրա քույրը հասկանալով, թե յուր եղբայրը ի՞նչ էր կամենում ասել՝ պատասխանեց.
— Ես ամենևին հույս չունիմ, որ այդ սատանայի պտուղը համոզվի սիրել Սոլոմոն-բեկին, քանի կենդանի է նրա նշանածը — պարոն Ռուստամը։
«Արդարև՛, նրա մա՛հը, մա՛հը կպսակե մեր նպատակը... ա՜խ, իսկ այդ ցանկալի մահը չէ՛ հաջողվում մեզ...», մտածեց նա դիվական ախորժանքով։
Քրոջ խոսքերից ավելի հուսահատված, Ռես Վասակյանը վեր կացավ, հագուստը փոխեց, և գնաց Ավազակենց տունը Զատիկ շնորհավորելու համար։
Սոլոմոն-բեկը, այն օր հիվանդ ձևանալով, չէր ընդունում ավելորդ այցելուներ, բայց լսելով Ռեսի գալուստը, հրամայեց, որ յուր մոտ կանչեն։
— «Շնորհավոր Զատիկ, Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց»,— ասաց Վասակյանը բռնելով նրա ձեռքը։
— Սև՜ և դժբա՜խտ Զատիկ, «զի Ռուստամ հարյավ ի մեռելոց...», պատասխանեց տրտմությամբ մելիքի որդին։
Եվ իսկապես, պարոն Ռուստամը միջինքից հետո, բոլորովին առողջանալով, վեր էր կացել յուր մահճից, և օրեցօր կազդուրվելով նրա կազմվածքը՝ խափանում էր նրանց հույսը յուր մահվան վերաբերյալ։
Ծառաները իմացում տվին, թե պարոն Արամ և տիկին Սալլաթին Աշխարունիները կամենում էին ներկայանալ։ Նրանք իրանց խոսքը կիսատ թողին, և ընդունելով մի փոքր ուրախ և զվարթ կերպարանք, պատրաստվեցան ընդունել պատվելի այցելուները։
Սովորական շնորհավորությունից հետո, պարոն Արամը և նրա կինը, քնքշությամբ համբուրելով Սոլոմոն-բեկի և Ռեսի շրթունքը քաղաքավարի կերպով նստեցին նրանց մոտ։
Ծաղկավանում, մի ասիական կեղտոտ սովորության համաձայն, օրենք չէր կանանց՝ մարդկանց այցելության գնալ, և նրանց հետ շրթունք-շրթունքի հպեցնել։ Այդ պատճառով, տիկին Սալլաթինի այսօրինակ համարձակությունը, և նրա տարապայման ընթացքը՝ խիստ խոտելի էր թվում ռամիկ ծաղկավանցոց աչքին, ո՜ւր