մնաց, որ ա՛յդ նրանք համարում էին մի արտաքո կարգի լրբություն։
Ռես Վասակյանը նկատեց, որ Սոլոմոն-բեկը չէր մտածում զբաղեցնել հյուրերին խոսակցությամբ, ուր մնաց, որ նա խոսել անգամ չգիտեր։ Բայց քանի որ ինքը ձիրք ուներ կոտրատել ամեն տեսակ նյութերի մասին, քաշկռտվիլ ուսումնական խնդիրների մեջ, և երբեմն, որպես հմուտ աստվածաբան՝ վերասլանալ մտքով դեպ վերացական գաղափարները — Ռես Վասակյանը, պարոն Աշխարունուն հաճոյանալու համար, ասաց.
— Թեպետ Ավետարանի ճշմարիտ վարդապետության համաձայն, մեզ, քրիստոնյաներիս համար չկա — որոշված տոներ, կյուրակիներ, ամսամուտներ և այլ հանդիսավոր օրեր, թեպետ մեզ, քրիստոնյաներիս չէ թույլատրված ավետարանական կրոնի մեջ պաշտել հեթանոսական սովորություններ, բա՛յց տոներին հարգ տալու սովորությունը ժամանակի խորին հնությունից, ավանդորեն գալով՝ հասել է մինչև մեր օրերը, և մեր կյանքում, սնվելով մեր շունչի, մեր արյունի հետ, և միանալով մեր հանճարի, մեր մտքի ու ամբողջ մեր իմացականության հետ — դարձել են, համարյա մեր հոգու մի մասը, և չեն բաժանվում մեզանից։ Մտածեցե՛ք, արժանապատիվ պարոններ, թե որքան անհեռադրելի է նախապաշարմունքը և կույր հնամոլությունը...։ Այսօր իմաստությունը և հիմարը, լուսավորյալը և խավարամիտը, աղքատ թե հարուստ՝ բոլորը ուրախանում են Զատկի տոնախմբությամբ...։
Ռեսի խոսքերի հեղեղը մինչ ա՛յն աստիճան պաշարեց պարոն Աշխարունուն, որ նա չկարողացավ ոչինչ պատասխանել։ Եվ Ռեսը, առանց պատասխանի սպասելու — առաջ տարավ.
— Քանի Ավետարանի ճշմարիտ լույսը չէ ծագում մեր ազգի վրա, քանի նա հայերի համար դրված է գրվանի տակ, քանի ճշմարիտ ուսում և գիտությունը անմերձենալի են հասարակ ժողովրդին, և քանի նրանք՝ թողնելով սուրբ գրքերի ճշմարտաքարոզ վարդապետությունը կհետևեն հայրապետական մոլորություններին — ճշմարիտ եմ ասում, ա՛յնքան ժամանակ կապրեն նրանք իբրև լոկ նյութական մարմիններ, զուրկ մարդկության հոգևոր մասնից։
Նա կտրեց յուր ուսած և սերտած ֆրազները, որոնցով, միևնույն բանը արտաբերում էր այլևայլ դարձվածքներով, և աչքով արեց Սոլոմոն-բեկին, որ մի բան ևս նա խոսե։ Պատանի Ավազակյանցը, ուշիմ աշակերտի նման, իսկույն հասկացավ յուր վարժապետի միտքը, և կարդաց յուր սերտած դասերից մինը.