Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես շատ հույս ունիմ, որ մեր սիրելի հայրենակիցները պատվելի աշխարունիների շնորհիվ, միշտ զուրկ չեն մնալու Ավետարանի լույսից, և առավելապես հուսով եմ, որ ո՛չ միայն Ծաղկավանը կփառավորվի նոր կրոնի լուսով, այլ բոլոր Պարսկաստանի մեջ պայծառապես կշողշողա քրիստոնեական հավատքի դրոշակը։

Թեպետ պարոն Աշխարունին յուր մտքի մեջ ուրախանում էր կեղծավորների մի փոքր առողջ դատողության վրա, բայց նրան դուր չգալով Սոլոմոն-բեկի առերես գովասանությունը՝ կտրեց նրա խոսքը, ասելով.

— Մենք ո՛չինչ ենք, մենք ևս Քրիստոսի մեղավոր պաշտոնյաներ ենք, տերը ինքը կօգնե մեզ՝ ձեզանով, մյուսներին հոգ տանել նրա եկեղեցու հաստատության համար։

Լսելով նրա ցամաք պատասխանը, Ռես Վասակյանը խոսքը փոխեց.

— Բայց, ներողություն, պարոն, բյուր անգամ ներողություն, մենք զբաղվելով այդ խոսակցություններով, որ այնքան մոտ են մեր սրտին, արդեն մոռացանք՝ մի բանով պատվասիրել ձեզ, և ձեզ, պատվելի տիկին, դարձավ նա դեպ տիկին Սալլաթինը: — Հրամայեցե՛ք խնդրեմ ճաշակել մի փոքր այդ բիբլիական խորոված գառնից, կամ մի պատառ այդ իսրայելյան պասքայից, չէ՞ որ Քրիստոս ինքը, իբրև մարդ, ենթարկվեցավ հնամոլության ազդեցությանը... բայց խնդրեմ ներել իմ այդ կատակը։ Կամեի՞ք մի բաժակ օղի, կամ մի փոքր գինի։

Պարոն Աշխարունին հայտնեց, թե ինքը սովորություն չուներ ոգելից ըմպելիք գործածելու։ Նույն ժամանակ հրամայեցին, որ շուտով թեյ մատուցանեն։ Թեյից հետո աշխարունիները հեռացան ավազակյանների տանից, լի ուրախ մտքերով, որ այդ երկու անձինք, որ այդ երկրի մեջ մեծ համարում ունեին, մինը՝ յուր իշխանությամբ և արծաթով, մյուսը՝ յուր հնարագիտությամբ և խելքով — արդեն իրանց կամակից և սրտակից էին։ Բայց իզուր, պարոն Աշխարունին խաբված էր — «արջերը ման էին գալիս փեթակի բոլորտիքը՝ այդ մեղրի սերիցն էր»։

Ռես Վասակյանը մի քանի ժամ ևս մնալով Սոլոմոն-բեկի մոտ, մի փոքր հույս տալով նրան, մի փոքր մխիթարելով, դուրս գնաց, ճանապարհին անիծելով յուր փոխադարձ բախտը, որով ոչինչ նրան չէր հաջողվում, և ընդհանրապես, հանդիպում էին նորանոր արգելքների։