ԻԵ
ԳԱՐՈՒՆ
Զարեհավանի գարունը լինում է շատ գեղեցիկ։
Հին և պատմական անուն կրող Զարեհավանը հանդիսանում է գարնան մի շքեղազարդ պատկեր՝ նկարած տխուր և տրտում հիշողություններով։ Այստեղ արևը, ամեն առավոտ, վսեմ փառահեղությամբ երևան է գալիս Ուրմիո լճակի միջից, և նրա կարմրագույն երեկոյան վերջալույսի մեջ հիանալի նկարվում են մեծ Արավուլը և Դուշմանա սարերը՝ իրանց բարձր, ձյունապատ գագաթներով։ Եվ Սոլայի հեղեղատը, ընդունելով բյուրավոր առվակներ նոր հալված ձյունի վտակներից, հորդանում է, բարձրանում է, և հազարավոր ճյուղերի բաժանված՝ գոռալով, ֆշֆշալով, վազում է, ոռոգելով ամբողջ հովտի երեսը։ Նույն ժամանակ, կարծես մի կախարդական զորությամբ, մեռած գետինը կենդանանում է, և շուտով կանաչեղեն սփռոցը, անթիվ գույներով զարդարված ծածկում է հարթ և հավասար դաշտը։
Մշակը, լի ուրախությամբ, դուրս է գալիս դաշտը. լսելի է լինում գութանի ճռնչալը խոր ակոսների մեջ. խոփի արծաթափայլ շողշողալը աչք է ծակում, և մաճկալի կրակոտ երգերը — հիանալի են։
Բա՛յց այստեղ, երկրագործի երգերը չունին այն ուրախալի և կենդանի զվարթությունը, նրանք երգվում են, ասես թե — ակամայից։ Նրանք ավելի նման են թաղման տաղասացությունների...։ Այստեղ, անբախտ երկրագործը հերկում է երկիրը տխուր և հուսահատ սրտով։— Նա երբեք հույս չունի հավաքել մի հասուն հունձք... որովհետև, շատ անգամ, նրա կանաչ և դեռահաս հասկերը կերակուր են դառնում բարբարոս ասպատակների ձիաներին. և շատ անգամ ևս, հնձած ցորենի դեզերը կրակի ճարակ են դառնում անգութ թշնամու ձեռքով, որ սովորաբար միշտ հարձակվում է այդ երկրի անբախտ բնակիչների վրա, և կողոպտում է նրանց բոլոր ստացվածքը։
Այդպիսի անհանգիստ և անբախտ դրության մեջ գտնվելով, Զարեհավանի բնակիչ հայերը, թողնելով օրհնյալ երկրագործությունը, և ընդունելով մի փոքր բարբարոսական բնավորություն իրանց կյանքը ընծայեցին խաշնարածության։ Դատարկաշրջիկ խաշնարածը, որևիցե հաստատ կացություն չունենալով, ավելի նվազ է