ենթարկվում հալածանքի նեղիչ ազդեցություններին, և ավազակների ասպատակություններից շատ անգամ ազատվում է նա։ Երբ չէր կարողանում դեմ դնել յուր թշնամուն, նա յուր հոտերով, յուր վրաններով տեղափոխվում է դեպ սարերի ավելի խորին հեռավորությունները։ Այդ պատճառով, Զարեհավանում, հայերը երբեք չեն աշխատել հաստատ տուն ու տեղ ունենալ։ Իսկ վաճառականությունը մի երկրորդական բան է. ո՛չ ոք, ավազակների երկյուղից չէ կարող ցույց տալ, թե ինքը ունի արծաթ։
⁂
Կանաչ կյուրակեի երկուշաբթի օրն էր, երբ վաղ առավոտյան Ծաղկավանի մեջ լսելի եղավ զուռնայի սուր և ձգական ծլվլոցը, և դըհոլի դաշնակավոր դմդմբոցը։
Գյուղի ծերունիները անդադար ելումուտ էին անում տեր-Առաքելենց տանը, երևում էր, որ մի գործի համար խնդրում և հորդորում էին պարոն Ռուստամին, որ չէր կամենում հանձն առնել։ Վերջապես ներս է մտնում մըստր Սեյսունը։
— Դուք ընդունեցեք գյուղացիների հրավերը,— ասաց նա։
— Մի՛թե իմ դեռևս տկար կազմվածքին հարմա՞ր է հանձն առնել մի այդպիսի դժվարին պաշտոն,— պատասխանեց պարոն Ռուստամը։
— Բայց, ընդհակառակն, ասում եմ ձեզ այդ անհրաժեշտ և կարևոր է ձեր առողջությունը կազդուրելու համար։
— Այնուամենայնիվ դժվար է։
— Ո՛չ, դուք առանց դրա ևս այս տարի պարտավոր եք յայլաղ գնալ՝ սարի մաքուր օդ շնչելու,— կրկնեց բժիշկը։
Կամա-ակամա պարոն Ռուստամը ընդունեց բժշկի խորհուրդը, և հանձնառու եղավ կատարել գյուղացիների խնդիրը, որոնք կամենում էին կարգել նրան իրանց գյուղի և Զարեհավանի մյուս գյուղերի իլիաթի վրա Էլբակի, այսինքն՝ մի գլխավոր, որ պիտի կառավարեր սարերում բոլոր խաշնարած և վրանաբնակ հայ ժողովուրդները։
Զուռնայի և դըհոլի ձայները գնալով սաստկանում էին, և հովիվները ուրախ-ուրախ դուրս էին բերում ոչխարների հոտերը, ձիաների և ավանակների ջոկերը, կովերի և եզների նախիրները՝ իրանց ձմեռանոցներից։ Այդ չորքոտանիներից, որոնք ունեին