պսակավոր և խայտաբղետ մարմիններ, նրանց մորթերը ներկված էին զանազան կարմիր, կապույտ և դեղին գույներով և նրանց եղջյուրներից ու պարանոցներից կախված էին փոքրիկ բոժոժներ և զանգակներ, որոնց արվեստական զնգզնգոցը, խառնվելով գառների բառանչին, այծերի բըկըկալուն, կովերի բոռալուն, մատակների և նրանց նորածին քուռակների խրխնջալուն, էշերի զռոցին, շների ուրախաձայն հաչոցներուն,— այդ բոլորը կազմելով մի ներդաշնակություն, բնականաբար և բարձրաձայն հնչեցնում էին հովվական կյանքի անմեղ և պարզ պոեզիան։
Երբ անասունները դուրս էին եկած գյուղից, նրանցից հետո քշեցին գրաստները, որոնք տանում էին վրաններ, պղնձեղեն կաթսաներ և ուտելու պաշարներ, որոնք սարում հարկավոր էին։
Այնուհետև ճանապարհ ընկան նորահարսերը, հարսանիքի հագուստներով, մանուկ աղջիկները, մանուկ կանայք նույնպես գեղեցիկ զուգված զարդարված, և ամեն մինը նստած մի սիրուն ձիու վրա, նրանց ետևից հասակավոր և պառավ կանայքը՝ նստած ավանակների, եզների վրա իրանց մեծ-մեծ փաթաթած գլուխներով։ Բայց մանուկ տղամարդիկը և նորահաս պատանիք բոլորը վայելուչ կերպով ձիավորված, բոլորը միասին սպասում էին գյուղի մեջ մի լայն հրապարակի վրա։ Հանկարծ երևացավ Էլբակին, այնպես սիգապանծ և փառավոր, որպես մի շահ ղաջարյան ցեղից։ Նրա արաբացի քահլան նժույգը, ամբողջ ձմեռը վայելած տաք փարախի հանգստությունը, գիրացած և լցված, որպես մի ահարկու աժդահա, խաղում էր, տռտիկ տալիս և ծլունկ լինում։ Նրա փայլուն զենքերը վառվում էին և բզբզում նոր ծագած արևի լույսով և նրա երկայն մզրախի գլխում փողփողում էին սև փետրազարդ փնջեր։
Երբ նա հասել էր մեյդանում, ուր սպասում էին նրան սպառազինված բազմությունը, հանկարծ արձակվեցան հազարավոր թվանգների բոմբյունք... հնչեցին նվագածություններ, և այդ խառն որոտմունքի միջից գոռացին հարյուրավոր ձայներ.— «թող կենդանի լինի մեր էլբակին...»: Երբ Պարոն Ռուստամը ձեռքը շարժեց, կրկին տիրեց լռությունը։
Դատարկվեցան գինվո և օղիի գավաթներ, աստուծուց բարի երթ և բարի հաջողություն մաղթելով, քահանայք կարդացին «Տե՛ր, ուղղյա՛ զճանապարհս դոցա»։ Էլբակին առաջ քաշեց յուր ձին և բոլոր ձիավոր բազմությունը հետևեցին նրան։
Այդ միջոցում, երբ ամեն աղջիկ, յուր սրտում ցանկանում էր