Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ քաջարի երիտասարդի հարսն լինել, երբ ամեն մայրերը անձկանոք ուզում էին նրան իրանց փեսա լինել, օրիորդ Սալբին միայնակ իրանց դրացու կտուրին վրա թաքնված վերնապարսպի հետքում, վառվռուն աչքերով հետևում էր յուր հերոսի շարժումներին: «Գնա, ով քաջ, տերը քեզ հետ», ասաց նա խորին ոգևորությամբ, «քո ճակատին գրված է ոսկի տառերով՝ միշտ զենք կրել և առաջնորդել մի մեծ բազմության․..»։

Ծաղկավանը համարյա՝ դատարկված էր բնակիչներից. տներում մնացել էին միմիայն ալևորներ և պառավ կանայքը, մի քանի վարձկան գործավորների հետ, որոնք մնացել էին հողերը մշակելու համար։

Ավազակյանց տունից այս տարի ոչ ոք սար չգնաց. նրանք չէին կարող տանել իրանց ատելի տղամարդի գլխավորությունը։ Բայց ոչխարները հովիվներին հանձնելով, իրանք մնացին գյուղում։

Մահու չափ հարվածք ունեցավ այդ անցքը Սոլոմոն-բեկի վրա. նա չէր կարողանում տանել յուր սրտի կսկծին, սև նախանձը ուտում մաշում էր նրա լերդը։ Նա կատաղի հուսահատությամբ խելագարի նման մտավ յուր առանձնասենյակը, և ամբոխված, վրդովված, տարուբերվում էր զարհուրելի մտածությունների մեջ։ Երկար այդ տենդանման բորբոքման մեջ չարչարվում էր նա, մինչ վճռեց յուր մտքի մեջ սարսափելի խորհուրդ, մի խորհուրդ, որով մտածեց վերջ տալ յուր կյանքին...։

Նա առեց պատուհանից ատրճանակը և բերանը դրեց յուր սրտին, և քիչ էր մնում որ քաշեր բացեր նրա չախմախը. այդ միջոցին նրա հետևից մի մարդ բռնեց նրա ձեռքից, ասելով— է՜յ, վա՜յ, ի՞նչ եք գործում։

Դա Ռես Վասակյանն էր։ Այդ դևը, էլիաթը ճանապարհ դնելուց հետո, գուշակելով յուր տիրոջ ցավալի դրությունը, քանի րոպե առաջ, աննկատելի կերպով, սողացել էր Սոլոմոն-բեկի սենյակը, և մունջ թաքնված էր մի անկյունում, հետզհետե հետազոտում էր նրա բոլոր կատաղի շարժումները, նրա երեսի վայրենի գծագրությունները։

— Այդ ի՞նչ փոքրոգություն է,— կրկնեց նա։

— Տուր ինձ ատրճանակը,— ասաց պատանի Ավազակյանցը։

— Զգաստացեք, ուշքի եկեք, Սոլոմոն։

— Ա՜հ, մահը, սիրելի մա՛հը միայն ցանկալի է ինձ։

Պարոն Վասակյանը, մահու գործիքը պատուհանից դուրս նետելով,