բռնեց նրա ձեռքից, նստացրեց աթոռի վրա, հետո հրամայեց ծառային, որ ղեյլան բերեր նրան։
Նա չկարողացավ ծխել թամբաքուն, նրա բոլոր մարմինը դողդողում էր տենդանման ջերմախտի մեջ, նրա ձայնը խեղդվում էր, նրա շնչառությունը այնքան զորեղ էր և արագ, մինչև հավաքվել էր նրա բերանում բավականաչափ փրփուր։ Նրա վառված աչքերը, երեսի կատաղի գծագրությունները կասկած հարուցին պարոն Վասակյանին, թե իրավ ցնորվե՛լ էր նա, բայց շուտով պառկեց սոֆայի վրա, թմրությունը շուտով տիրեց նրան, և սկսեց արտախոսել խառնիխուռն զրույցներ, որոնց միջից շատ անգամ պարզ որոշվում էին— «Եվ թող կենդանի լինի մեր էլբակին...»։
Պարոն Վասակյանը չհեռացավ նրա մոտից մինչև երեկո։ Արևը մտնելեն հետո, նա զարթեցավ մի փոքր զգաստացած։
— Ինչպե՞ս եք գզում ձեզ այժմ,— հարցրուց Ռեսը։
— Ոչ շատ լավ,— պատասխանեց նա՝ թույլ ձայնով, միայն հրամայեցեք որ շուտ տան թեյ և մի փոքր արաղ (օղի)։
Բանսարկուն մտածեց, թե առավել օգտակար է նրան նույն ժամուն խառնված դրությանը, մի քանի ստերով, մի քանի դատարկ հույսերով առժամանակ խաբելով, հրապուրել նրա միտքը, մինչև կհայտնվեր գործի վերջը։
— Այսուհետև ավելորդ են ձեր տխրությունները,— ասաց նա,— որովհետև թեև մեր առաջին ձեռնարկությունները բոլորովին իզուր անցան, բայց այսօր իմ քրոջմեն ստացա խիստ ուրախալի լուրեր օրիորդի մասին։
— Ի՞նչ լուրեր,— հարցրուց անհամբերությամբ Սոլոմոն-բեկը։
— Օրիորդը այժմ համարյա թե համոզված է ձեզ իրան համար փեսա ընտրելու, միայն մի քանի պատճառներով այժմ չէր կարող վճռականապես խոստանալ և հայտնել յուր հաճությունը։
— Ի՞նչ պատճառներ են դրանք։
— Հանգամանքները չեն ներում այժմ հայտնել այդ պատճառները, միայն դուք միամիտ եղեք, որ մի ամսից հետո օրիորդ Սալբին տիկին կունենաք այդ փառավոր ամրոցում։
— Դուք միշտ հուսադրում եք, Ռես։
— Ես հաստատ գիտեմ, և իմ հուսադրությունները անտեղի չեն։
Սոլոմոն-բեկը մի քանի ումպ թեյ ընդունելեն հետո՝ սկսավ անհագ կերպով ծխել ղեյլան, որ նույն ժամանակ կարծես թե նրան դուր եկավ։