— Միայն դուք, աղա, առաջ տարավ խաբեբան, մի՛ վշտանաք դրա համար, որ գյուղացիք հիմարությամբ ընդդեմ ձեր հոժարության ընտրեցին Ռուստամին էլբակի, բայց ի նկատի ունեցեք, որ այդ նրանց ընտրությունը ավելի ձեռնտու է մեր նպատակի առաջադիմության, և մեզ համար շատ հարկավոր է նրա բացակայությունը Ծաղկավանից, այդ դեպքում նա քանի ամիսներով հեռու կմնա մեզանից, մինչև որ մենք աստուծո ողորմությամբ կկատարենք խորհուրդը։
Պարոն Վասակյանը ուռեցնելով Սոլոմոն-բեկի գլուխը, ունայն հույսերով, հեռացավ։
Բայց պատանի Ավազակյանցը բոլորովին ճշմարտություն համարելով Ռեսից լսածները, մյուս օրվա առավոտյան պահուն՝ կանչեց յուր քույրը Ալմաստին (որ գնում էր վարժարանը ուսանելու) և տվավ նրան մի թանկագին մատանի, պատվիրելով որ տա օրիորդ Սալբիին։ Նրա քույրը դժվարանում էր հանձն առնել այդ ծառայությունը, որովհետև նա վարժարանում եղած ժամանակները, քանի-քանի անգամ խոսք էր բացել յուր եղբոր մասին, միշտ ստացել էր կոշտ պատասխաններ, բայց այս անգամ նա ստիպված՝ հնազանդվելով իր եղբոր հրամանին, մտածեց հանձն առնել և փորձել վերջին փորձը։
Գարունքը օրեցօր երևան էր գալիս յուր շքեղ կերպարանքով. եղանակը գնալով տաքանում էր։ Պարոն Աշխարունիի տան բակի պարտեզը ստացել էր հիանալի գեղեցկություն։ Ամսական վարդը, սոխատեսակ ծաղիկները, զամբաղը և հասմիկը, բուրում էին անուշ հոտով։ Նշենին, ծիրանին զարդարված էին իրանց սիրուն ծաղիկներով։ Տիկին Սալլաթինի աշակերտուհիները, այդպիսի եղանակներում, ըստ մեծի մասին պարտիզում էին սովորում արձակ օդի մեջ, նստարանների վրա, որոնք դրված էին սաղարթախիտ և անթափանցիկ նարվանդի տակ։
Աշակերտուհիներից երկուսը՝ հեռացած պարտեզի մի անկյունը թաքուն խոսում էին։
— Աղջի Սալբի,— ասաց նրան բարեկամաբար Ալմաստը,— որքան անգութ ես դու, և գուցե շատ հպարտ, որ չես կամենում ընդունել իմ սերը և իմ բարեկամությունը։
— Չէ, Ալմաստ, երբեք հուսալու չէ իմ և քո մեջ մի ճշմարիտ սեր, երբ դու հարուստ ես, իսկ ես աղքատ, երբ դու կհայիս խիստ բարձրից և ամենայն ինչ քո աչքին փոշիի նման կերևի,— ասաց երգիծաբանությամբ օրիորդ Սալբին։