— Ա՜խ, որքան ցավեցնում է իմ սիրտը այդ պատասխանը,— կրկնեց կեղծավորաբար Ալմաստը,— հավատա, սուրբ տիրամայրը վկա է, որ ես ամենևին խտրություն չեմ գնում անձիս և թե իմ ընկերներիս մեջ, մտածելով թե նրանք ամեն բանով ստոր էին ինձանից։
— Թեպետ դուք խտրություն չդնեք, բայց ստորներին իրանց չափը ճանաչել արժանի է, հարգել մեծությունը՝ սուրբ բան է,— ասաց դարձյալ կատակով օրիորդ Սալբին։
Ալմաստը ավելի մոտեցավ նրան, և փաղաքշանոք բռնելով նրա ձեռքից, ասաց— Սալբի, աստված գիտե, որ շատ եմ սիրում քեզ, և միշտ ցանկանում եմ ունենալ քեզ հետ թարմ սիրո հարակցություն։
— Ինչ հարակցություն,— հարցրուց սառնությամբ օրիորդ Սալբին։
— Ես կամենում եմ խնամանալ ձեզ հետ խրծիկների (տիկնիկների) միջնորդությամբ։
Մի քնքուշ ժպիտ շարժեց օրիորդ Սալբիի վարդագույն շրթունքները։
— Ձեզանից, որպես մի չափահաս օրիորդից, ներելի չէ լսել այդպիսի տղայական առաջարկություն,— ասաց խստությամբ օրիորդ Սալբին,— որովհետև խրծիկները, որպես երեխաների խաղալիքներ, չեն ծնուցանում ճշմարիտ սեր. իսկ սերը բխում է բարի և առաքինի սրտերից։
— Ես հանաք (կատակ) արեցի, Սալբի, իրավ խրծիկները երեխաների խաղալիքներ են, բայց ես ունիմ մի առանձին պատճառ քեզ սիրելու, պատվելու և պաշտելու։
— Ի՞նչ պատճառ էր այդ,— հարցրուց սառնությամբ օրիորդ Սալբին— բայց Դուք հասկացեք, որ ես չեմ սիրում կեղծավորություն։
Օրիորդ Ավազակյանցը շառագունեցավ ամոթուց, իրավ խոսակցի սառնասրտությունը կապում էր նրա լեզուն, նա չգիտեր, թե ո՛րպես առաջարկեր նրան իր եղբոր հանձնած մատանին։
— Սալբի, ես ուզում եմ մի առաջարկություն անել քեզ, միայն խնդրեմ երդվիր, որ ընդունելու ես իմ խնդիրը։
— Բnլորովին անկարելի է, որ ես խոստանամ ընդունել մի առաջարկություն, մի խնդիր, որ ինձ առաջուց հայտնի չէր, ուր մնաց, որ երդումով հաստատեի նրան։