Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմն ընդունիր այդ մատանին և ամենայն ինչ հայտնի կլինի քեզ։

— Ի՞նչ մատանի է այդ։

— Առեք ձեր ձեռքը, նայեցեք, հետո կասեմ ձեզ։

Օրիորդ Սալբին մատանին առեց և հետաքրքրությամր սկսեց նայել նրա քարին (ակին), որի վրա ճարտարությամբ քանդակագործված էր մի սիրտ, բոցավառված կրակով, և նրա բոլորտիքը գեղեցիկ տառերով գրված էր «աստված սեր է»։

— Այժմ ասացեք, ի՞նչ մատանի է այդ,— հարցրուց օրիորդ Սալբին։

— Այդ մատանին իմ եղբայրը, Սոլոմոն-բեկը, ուղարկել է քեզ,— կարմրելով պատասխանեց Ալմաստը։

— Երևի, սիրում է ինձ, հա՞ ։

— Հրամեր եք, սիրում է, և սիրում է առավել քան յուր հոգին։

— Բայց դժբախտաբար, ես չեմ կարող սիրել նրան։

— Ինչո՞ւ։

— Նրա համար, որ որպես մի տերության մեջ չեն կառավարում երկու թագավորներ, նույնպես և մի սրտում չեն կարող լինել երկու սեր։ Ալմաստը շփոթվեցավ։— Այդ ճշմարիտ է,— ասաց նա,— բայց պետք է հմուտ ճաշակ ունենալ ընտրության մեջ, և վատը չգերադասել լավեն. իմ եղբայրս փառավորված է աստուծո բոլոր պարգևներով — իշխանություն, հարստություն, ճոխություն, բոլորը ունի նա։

— Ես չեմ կամենում իմ անձս վաճառել, թեև գնողներն կամեին գնել նրան այն բաներով, որոնք ավելի փառավոր և վառվըռուն էին հիմար աշխարհի աչքերում,— պատասխանեց օրիորդ Սալբին։

— Դուք սխալվում եք, քույրիկ,— ասաց նրան օրիորդ Ավազակյանցը խրատողի ոճով։— Մի մարդ, որ հնար ունի բախտավոր և երջանիկ լինելու, բայց երբ նա իր կամքով ընդունում է աղքատությունը, նշանակում է որ նա ինքն իրան դատապարտում է։

— Սերը չէ որոշում այդ իրողությունները, նրա համար միևնույն է աղքատի խրճիթում բնակվել կամ վրանի տակը և թե փառավոր ապարանքում։

— Սերը կույր է,— նրա խոսքը կտրեց Ալմաստը։

— Եվ բախտը կույր է,— պատասխանեց օրիորդ Սալբին։

— Բայց բախտի մեջ կա վայելչություն, փառավոր կյանք, երջանկություն և այն բաները, որոնց համար որ աշխատում է