ամբողջ մարդկությունը.— հավատացնում եմ ձեզ, որ դուք մի օր չարաչար կապաշխարեք ձեր այդ սխալի համար. հավատացնում եմ ձեզ, որ աղքատության մեջ, բացի տրտում և տխուր վշտերի, ոչինչ ավել գտնելու չեք.— հավատացնում եմ ձեզ, որ իմ եղբայրս կարող է սիրել ձեզ միշտ, և բախտավորեցնել ձեզ։
— Բայց ես հավատացնում եմ ձեզ, Ալմաստ, որ ձեր եղբայրը մի դատարկ մարդ է, դարձյալ հավատացնում եմ, որ արծաթի ժանգը նստելով նրա սրտի վրա, մաշել է նրանում ամենայն գեղեցիկ բան։
Օրիորդ Ավազակյանցը խիստ վշտացավ այդ կծու խոսքերից. տոհմական սնափառությունը շարժեց նրա բարկությունը և նա փոխելով յուր փաղաքշական ոճը, ասաց խստությամբ. ձեր չար լեզուն, ձեր համարձակ և անպարկեշտ սովորությունները, ձեր տարապայման բնավորությունը, իզուր չէ, որ ձեր անձնավորությունը ատելի է արել հասարակության աչքում, և ամեն մարդ պատճառ ունի համարել ձեզ լիրբ և անամոթ։
— Ինձ ցավ չէ ընդունել բամբասանք մի անկիրթ ամբոխից, բայց դուք չափ դրեք ձեր լեզվին, եթե կկամենայիք պահպանել ձեր պատիվը։
Այդ խոսակցության ժամանակ վրա հասավ տիկին Սալլաթինը,— Սալբի, Ալմաստ,— կոչեց նա, դասի ժամանակ է, ի՞նչ եք խոսում այնտեղ։
Ալմաստը հեռացավ, գնաց յուր վարժուհու մոտ, բայց օրիորդ Սալբին մնաց յուր տեղում անշարժ։ Նույն միջոցին մոտեցավ նրան պառավ Գոզեն։
— Արժանապատիվ աղջիկ պարոն, պետք չէր որ այնպես անքաղաքավարի կերպով վարվելով վշտացնեիք մելիքի դուստրը։ Բայց օրիորդ Սալբին մինչ այն աստիճան բորբոքված էր բարկությամբ, որ առանց պատիվ դնելու պառավ աղջկա ծերության, իսկույն յուր սրտի թույնը թափեց նրա վրա ասելով.— հեռու կորիր դու սատանա, եթե չես ուզում, որ ես այդ միակ աչքդ հավասարեի մյուսին։
Գոզեն առանց մի բան խոսելու հեռացավ նրա մոտից։ «Այժմ հասկանում եմ այն խոսքերի բոլոր խորամանկ խորհուրդը, որ այդ երկու սատանայի ծնունդները մինչև այսօր ասել և կրկնել են ինձ,— հիշեց յուր մտքում օրիորդ Սալբին,— հողը ձեր գլխին, հիմարներ... դրանք ուզում են խլել ինձնից իմ Ռոստամը, որի հոգին կապված է իմ հոգու հետ, որի աստղը, ճակատագրական նախասահմանությամբ, միավորված է իմի հետ...»: