Եվ արդարև, Ալմաստի սրտի մեջ նույնպես թաքնված էր մի գաղտնիք. նրա աշխատությունը ոչ այնքան նրա համար էր, որ յուր եղբոր սիրած աղջիկը միավորեր նրա հետ, ոչ, այլ նա աշխատում էր ձեռք բերել յուր թաքուն նպատակը, այսինքն օրիորդ Սալբիին սիրել տալով յուր եղբայրը, ինքը հնար կունենար խլել նրա ձեռքից այն վայելչագեղ տղամարդը, որ մի օր առաջ այնքան փառավորությամբ դուրս եկավ Ծաղկավանից։
Ալմաստի ծածուկ սերը պարոն Ռուստամի հետ ունի յուր ռոմանական հրապուրիչ կերպարանքները...։
ԻԶ
ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
«Գիտեմ, դու կսիրես կարդալ, իմ նազելի Սալբի, թե ո՛րպես անցուցանում եմ ես սարում իմ օրերը առանց քեզ, մեր պարզամիտ հովիվների հետ, արածացնելով մեր անասունները։
«Այսուհետև ամեն գիշեր իմ վրանի մեջ նստած, փոքրիկ լապտերիկի լուսով, գրելու եմ քեզ իմ օրագիրը, ա՜խ, ո՜րքան ուրախություն է զգում սիրտս, երբ մտածում եմ, թե դու սիրով կարդալու ես այդ բոլորը:
«Գիշերը ծանր է և մթին. ահա՝ վառվում են բոլոր չադրների առջև օջախները, և պղնձների մեջ եփ եկող կաթնի շոգիները՝ լցրել են օդը ախորժելի հոտով։ Հեռավոր սարերի լանջերում տեսանելի են հրավառ կետեր, սնահավատ ճամփորդը սարսափելով անցնում է դրանց մոտից։ Դրանք մենավոր հովիվների խարույկներն են, որ նրանք վառել էին սարում մի փոքր կաթ տաքացնելու և իրանց քաղցը հագեցնելու համար։ Բայց դու լսում ես, թե ինչպես սնոտիապաշտ պառավները պատմում են զանազան առասպելներ այդ հեռավոր խարույկների մասին՝ իրանց թոռնիկներին ասելով. կամ նրանք թագուցած գանձեր են, կամ այնտեղ մի սուրբի մարմնի մասը թաղված է, և կամ պատառող գայլերը, քավթառները գալիս են գողանալու ոչխարներ, և նրանց աչքերն այդպես լույս են տալիս։ «Բայց ես չեմ ախորժում լսել առասպելներ, ես և դու սիրում ենք հրաշալի բնությունը... Բայց ո՜րքան գեղեցիկ է երևացնում նա իրան այստեղ, այս սարերի մեջ...։ Այն իրողությունները, որ