մինչև այսօր ես երևակայությամբ մտաբերում էի հովվական կյանքի մասին, այն երգերը, որ ա՜յնքան ոգևորությամբ փառաբանում են հովվի անմեղությունը, երբեք չէին կարողացել տալ ինձ մի ստույգ գաղափար այդ օրհնյալ կյանքի մասին, որով ապրել են Աբրահամը, Իսահակը և Հակոբը։ Բայց այժմ, սիրելի Սալբի, ափսո՜ս, առանց քեզ ես վայելում եմ այդ բանաստեղծական կյանքի պարզ ու անմեղ պոեզիան։— Հովասուն և աստղազարդ գիշերներ, վարդագեղ արշալույսներ, զեփյուռաբեր և ոսկի առավոտներ, թարմ և կենսատու օդ, հոտավետ ծաղիկներ, կանաչ մարգեր, երգող թռչուններ.— ամեն օր, ամեն ժամ գգվում են, փայփայում են, սնուցանում են մեզ։
«Բայց ցավալի սրտով ես նկատում եմ, որ մեր հայերը չունին գեղեցկասեր ճաշակ. նրանք դեռ չեն սովորած զգալ և պաշտել վսեմը և վայելուչը։ Հրաշալի բնությունը յուր շքեղությամբ չէ հիացնում նրանց և ոչ յուր կատաղի կերպարանքներով բերում է նրանց սարսափ։ Ես զարմանում եմ, թե ինչու դրանց սրտերը, դրանց հոգիները այդքան կոշտ են և անզգա, և իրանց մտքերն այդքան մեռած են...։ «Ես ամենևին չեմ տեսնում մի հասուն օրիորդ կամ մի մանուկ տղամարդ, որ իրանց երգերով փառաբանեին արևի առավոտյան հրաշալի ծագումը, կամ թե նստած լուռ և մունջ խորին ոգևորությամբ հիանային վսեմ հափշտակության մեջ, արշալույսի փառահեղ պատկերովը։
«Արևմտյան պահուն, արևի վերջալույսը կարմիր, հրագույն ներկերով նկարում է երկնքի վրա հազարավոր կախարդական պատկերներ, տարուբերական ամպերը մի րոպեում տալիս են այդ պատկերներին հազարավոր հսկայաձև կերպարանքներ. նրանք փոփոխվում են... փոփոխվում են... երբեմն զարհուրանք, դժոխք և վիշապներ ձևացնում մեր աչքի առջև... իսկ երբեմն՝ դրախտ, անտառախիտ ծառեր և ծիծաղող հուրիներ...։ Բայց հայ մարդը չէ նկատում բնության այդ հրաշարվեստ ճարտարությունները. նա միայն զգում է, որ արևը մտնում է... արևը գնում է հանգստանալու յուր գիշերային կայարանում, որ առավոտյան կրկին լուսավորե իրանց հովիտը։ Եվ հայ մարդը, յուր հորիզոնից դեպի մյուս կողմը, յուր ծանոթ սարերի ետևումը, չգիտե թե ինչ կա։ Նա չգիտե, թե այն տեղերում՝ նույնպես կան երկրներ և այն երկրների վրա բնակված են յուր նման հայեր, նույնպես ծառայության լծի տակ նույնպես գերության մեջ...։
«Բայց հայ մարդը բոլոր աշխարհը կենտրոնացնում է յուր