Հովտի մեջ... և բոլոր մարդկությունը համարում է թե ծնված է միմիայն ծառայության և ստրկության համար...։
«Ես տեսնում եմ ամեն առավոտ նորահաս օրիորդներ, մանկահասակ նորահարսներ, որ գնում են զբոսնելու կանաչ արոտամարգերի մեջ։ Առավոտյան ցողը յուր մարգարիտներով թրջում է նրանց ոտքերը, երգող թռչունները բարևում են նույն առավոտը, անուշահոտ ծաղիկները բյուր հրավերք են կարդում նրանց... բայց հայ օրիորդների ականջները խուլ են լսելու այդ ձայներից մինը, նրանց աչքերը կուրացած են նկատելու բնության հրապուրիչ քնքշությունները, նրա գրավիչ ծիծաղը, նրա շռայլ և հրաշափառ պչրանքը...։ Ես չեմ տեսնում այդ աղջիկներից ոչ մինը, որ յուր գլուխը, յուր կուրծքը զարդարած վարդերով հետ դառնար զբոսանքից, և թաքուն յուր չադրի ետևից սողցներ յուր սիրողի ձեռքում մի փունջ ծաղիկ...։
«Թեպետ վայրենի կյանքի բնական ազդեցությունն այստեղ տվել է այդ մանուկ աղջիկների, այդ նորահաս կնիկների վարքին մի փոքր ազատություն, մի փոքր արձակ համարձակ ընթացք, և մարդ շատ անգամ տեսնում է հետ քաշված քողի տակից նրանց վարդ երեսները, նրանց անխորհուրդ ծիծաղը և լսում է մի քանի հատ ու կտոր բառեր նրանց խոսակցությունից, բայց այդ բոլորը առանց համակրության, առանց զգացողության, մեքենաբար, սառն և ցամաք...։
«Թեպետ մեր վրաններն այստեղ շատ մոտ են կազմված միմյանց և բոլոր խաշնարածների ընտանիքը, համարյա', կազմում են մի գերդաստան, բայց միևնույն այդ ամփոփված և խառն կացության մեջ, ամեն մի հանգամանքներում, տեսանելի են' անմեղությունը, սրբությունը և հիմարությունը...։
«Այժմ հասկանում եմ ես, սիրելի Սալբի, այն խնդրի խորհուրդը, որ շատ անգամ քեզ հետ չենք կարողացել լուծել, թե ինու հայերը չեն ունեցել ազգային բանաստեղծություն։
—Ինչո՞ւ , կհարցնես դու ինձանից։
«Երբ մենք մեր մտքին, մեր սրտին, մեր կրքերին, մեր զգացմունքներին, մեր բոլոր հոգեկան զորություններին՝ տալիս ենք սանձարձակ ձգտողություն, համարձակ թռիչք և ազատ ներգործություն, նրանք գնալով աճում են, ընդարձակվում են և կատարելագործվում են։ Նույն ժամանակ ֆանտազիան, որ բնական է մարդուն, ներշնչում է մեր հոգու մեջ մի մոգական զորություն, և մարդկային միտքը, վառված, բորբոքված այդ աներևույթ կարողությունից,