վերասլանում է բնական աշխարհից դեպի գերբնականը, վերափոխվում է մարմնավոր դրությունից դեպի հոգևորը, և այնտեղ, վերին, կախարդական երկնակամարում, հրճվում է, սքանչանում է, զմայլում է վսեմ զգացմունքներով։
«Բայց ավա՜ղ, հայ մարդու միտքը, սիրտը, կրքերը և բոլոր հոգեկան զորությունները— հավիտենից միշտ ճնշված լինելով մշտնջենավոր ստրկության լծի տակ, կաշկանդված լինելով առօրյա հոգսերից, վարակված լինելով դարավոր խավարի մեջ, մեռած և սասանված լինելով բռնավորի ահից և նրա սրից— երբեք և մի րոպե չեն ունեցել ազատ շունչ, և որպես ասացինք, ազատ թռիչք և ձգտողություններ...։ Եվ բնականաբար մի բան, որ միշտ կենում է անշարժ դրության մեջ, նա ապականվում է և փտում է. մի բան, որ օրըստօրե դիմում է դեպի նվազումն և դեպի տկարություն, նա վերջապես սպառվում, ոչնչանում, և որպես հասարակաբար ասում ենք՝ մեռնում է․.։
«Բայց հոգին չէ մեռնում, կասես դու, իմ Սալբի. մի կրոնական մտքով՝ նա ընդունակ է, որպես ներբողելու յուր ուրախությունները, նույնպես և ողբալու յուր ցավերը։
«Բայց թող մնա ավելի խոր գնալը հոգեբանության մեջ, որ վեր է մեր կարողությունից, մենք դառնանք դեպի մեր խոսքը։
«Ես փորձ փորձեցի, թե արդյոք կարո՞ղ էի զարթեցնել իմ այժմյան ընկերների հոգու մեջ հայկական նախկին քաջաստրություն և տալ նրանց մի ստույգ գաղափար իրանց ազդի և իրանց հայրենիքի մասին։ Այդ պատճառով իր վրանում՝ որոշյալ ժամերում հավաքում եմ մի քանի նորահաս տղամարդիկ. ես կարդում եմ նրանց Խորենացին, Եղիշեն և հայոց ազգի այլ պատմական գրքերը։ Ես պատմում եմ նրանց, թև հայերը նույնպես ունեցել են մի ժամանակ' տերություն, թագավորություն և զորություն աշխարհի մեջ։ Ես ցույց եմ տալիս նրանց այն երկրները, որ առաջ պատկանում էին հայերին և որ այժմ այլք տիրացել են։ Ես հասկացնում եմ նրանց, թե մի ազգ, որ չունի երկրի վրա մի կտոր հող և ապրում է օտարի հողի վրա, այդ ազդը կլինի այն հողատիրոջ ծառան, նրա ստրուկը, և այդ ազգի աչքերից երբեք չեն պակասելու արտասուք և լաց։
«Քանի օր է, որ շարունակում եմ իմ դասերը և իմ սիրելի ունկնիդները խորին ուշադրությամբ լսում են։ Ես նկատում եմ մի բան, որ գաղտնի կերպով եփ է գալիս նրանց սրտի մեջ. նրանց արյունը բորբոքվում է, նրանց կրծքերը բարձրանում են, և ես