Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնում եմ հայասիրության սուրբ արտասուքն անձրևում է նրանց աչքերից...:

«Ի՞նչ անեն հայերը, ի՞նչ հող ածեն իրանց գլխներին, մի՛թե առանց ուսումի առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարո՞ղ է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր հայրենիքը պաշտել:

«Հայը յուր աչքերը բացում է իրան ծառայության և գերության մեջ է տեսնում։ Նա չէ հասկանում, թե ինքը նույնպես մի մարդ է աշխարհի մեջ և ունի մարդկային իրավունք, հավասարաբար վայելելու այն բոլոր շնորհքները, որ աստված պարգևել է մարդուն։ Նա չէ հասկանում, թե աստված այդ երկիրը յուր բոլոր բարիքներով մարդու համար ստեղծեց, և ինքն իբրև մարդ, բաժին ունի դրանից։ Նա չէ հասկանում, որ բոլոր մարդիկ մի տեսակ են ստեղծված, մի կերպարանք ունին, բոլորն էլ ազատ են և ամենեվին մեկն իրավունք չունի իշխելու մյուսի վրա։

«Բայց երբ ճշմարտությունը վարագուրվում է խաբեությամբ և արդար իրավունքը փշրվում է հաղթահարության ու բռնության ոտքի տակ, այն ժամանակ մարդը յուր իրավունքը առաջ տանելու համար պարտավորվում է գործ դնել յուր ֆիզիկական զորությունը-յուր թուրը։

«Ես աշխատում եմ տալ իմ ընկերներիս տեղեկություն այդ բոլոր իրողությանը վրա։ Ես աշխատում եմ բաց անել նրանց` միտքը, նրանց աչքը և նրանց ձեռքը։ Իմ դասերը լինում են գիշերներով, լուսնյակի կաթնագույն լուսով, երբ բոլոր չադրների մեջ քնած են լինում հովիվները։ Բայց առավոտյան և երեկոյան պահուն իմ նորահաս աշակերտներիս պարապեցնում եմ զինվորական կրթություններով։ նրանք այժմ խիստ վարժ են կառավարելու իրանց ձիաները և շարժելու զենքերը։

«Եվ ես ուրախությամբ նկատում եմ, որ քաջազնական արյունը դեռ բոլորովին չէ սառած Հայկա որդիների երակների մեջ։ Եվ այս օրերում մի անցք փորձով ցույց տվեց և նրանց արիությունը կռվի մեջ։ Մեզանից մի քանի մղոն հեռու ճարայան սարերի մեջ իջևան ել էին մի քանի չադրներ` քրդստանցի հայ խաշնարածներից: Հանկարծ մեզ լուր հասցրին, թե Ռավանդները կողոպտեցին նրանց չադրները և տարան նրանց անասունները։ Մի ակնթարթում ավելի քան հիսուն սպառազինված տղամարդիկ գտնվեցան ձիաների վրա. նրանք կայծակի արագությամբ հասան ավազակներին Ծաղկաձորում, կռիվն սկսվեցավ մի նեղ փապարում։