Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Իսկ մենք պանդուխտ, անտերունչ,
Թափառում ենք սարեսար,
Օտար ձեռքերու կարոտ,
Հողի՜ն եղած հավասար:

«Անա՛րգ, գերի՛, անպատի՛վ,
Որպես պիղծ ազգ, անամոթ,
Թքում են մեր երեսին,
Ապտակ զարկում մեր գլխին,

«Նանի՜կ կասեմ, իմ հրեշտակ,
Նանի՜կ կասեմ երգելով,
Նանի՜կ կասեմ երգելով,
Ողբերգելով ու լալով...:

«Երբ մեծացար աստուծով,
Ա՛ռ հորդ նետ-աղեղը,
Հեծի՛ր նրա նժույգը,
Կրկին տիրե՛ քո ցեղը:

«Խնդրե՛ հորդ վրեժը
Այն սեգ, անգութ հաղթողեն,
Ա՛ռ նրանից հոտերը,
Արտաքսե մեր սարերեն:

«Նորա երկաթի կուրծքի մեջ
Դու էլ ցցե՛ քո մզրախ,
Երկու բուռն արյունից
Դու խմե ուրա՜խ-ուրա՜խ[1]:

«Խմե՛, և թո՛ղ զովանա
Քո մոր կրակված սիրտը,
Խմե՛, և թո՛ղ հանդարտվին
Հորդ կարոտ ոսկերքը:

«Նանի՜կ կասեմ, դու քնե՛,
Ո՛վ իմ հրեշտակ արդար,
Քնե՛, զի դու միայն ես
Մորդ սրտին մխիթար...:

  1. Խաշնարած ցեղերի մեջ արյան վրեժխնդրությունը մի սրբազան պարտք է համարվում և անցնում է սերնդից սերունդ: Դա կատարվում է սպանելուց հետո՝ ոսոխի արյունից խմելով, կամ սպանության գործիքը, եթե արյունոտ է, լիզելով: