գալոց սերունդը հավիտենական դատապարտության տակ դրեց, աշխարհը ջրհեղեղով կործանեց, Սոդոմն ու Գոմորը ծծումբով այրեց, յուր կամքին անհնազանդ լինողներու համար վառեց գեհենի կրակը, մի՛թե մի այդպիսի վրեժխնդիր աստվածը կարո՞ղ է պատժել ինձ վրեժխնդրության համար։ Ո՛չ...: Պատիվ և իրավունք պաշտպանելը սուրբ բան է։
— «Ո՛չ, բարեկամ, դուք հետևում եք հին օրենքին` «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։ Բայց մենք, որպես քրիստոնյա մարդիկ, պիտի դարձնենք մեր աջ երեսը, երբ զարկեն ձախին, պիտի տանք և մեր վերարկուն, երբ պահանջեն մեր շապիկը...։
«Տո՛, մի թող տուր, է՜յ, թե աստվածդ կսիրես, հենց այդ խոսքերն եղան խեղճ հայի տունը քանդողները։ Այսօր աշխարհում մի ազգ էլ չկա, որ հայի նման նեղության մեջ լինի։ Շատ ազգեր, որ հայի կիսի չափ չկան, ո՛չ մի ազգի առաջ չեն խոնարհեցնում իրանց անպարտելի գլուխը, այլ քաջությամբ և թրի զորությամբ պահպանում են իրանց ազգային անկախությունը։ Հապա հա՞յը, միայն խե՛ղճ հա՞յը ամեն տեղ գերի, ամեն տեղ ոտքի տակ ընկած... հենց հա՞յը պիտի կատարե յուր փրկչի հրամանը, ո՛վ յուր թուրը բարձրացնե, նա՛ պիտի յուր անբախտ գլուխը դե՞մ տա...։
— «Այդպես է նրա հրամանը։
— «Եղբայր, նա մի անտուն, անտեր մարդ էր, եթե դու էլ նրա նման լինես, քո որդիքդ սովից կմեռնեն։
— «Նա ինքը կպահե իմ որդոց։
«Հա՛, կպահե, գնա՛ խաղաղությամբ հողը մտիր, քո որդիքը միշտ կուշտ են... հա՛, նա կպահե քո որդոցը...։
«Կարճելով զրույցներս իմ անտանելի խոսակցի հետ, դառնում եմ դեպի քեզ, իմ անգին Սալբի. բայց դու ներիր իմ մի փոքր անհավատ խոսքերիս, ես կամենում եմ ասել` կրոնք ասած բանը չարաչար վնասել է մարդկությանը և առավելապես հայերը կրել են քրիստոնեության վնասը։
«Արդարև, ես չեմ կարող ուրանալ քրիստոնեության օգուտները, որ նա հասույց մեր ազգին, գիտեմ, քրիստոնեությունը եղավ մի միջնապարիսպ և չթողեց հայերը խառնվեին իրանց դրացի ազգերի հետ։ Նա ազատեց հայերին կուլ գնալուց սասանյան պարսիկների մեջ, և Մուհամմեդի, Արաբիայի ախտալից որդու կրոնքը, ճարակելով բոլոր ասիական ազգերը, չկարողացավ ուտել, մարսել և հայոց ազգը. նա հեռու պահեց հայերին և խաբեբա հույների հետ խառնվելուց։