«Բայց հայոց աբեղաները մի այնպիսի խոտորնակի ընթացք տվին քրիստոնեական կրոնքին, և մի այնպիսի թույլ, ստոր փոքրոգի դիմակի մեջ պարուրեցին նրա ազատ հայացքը, որով քրիստոնեությունը հայերի մեջ մի այլ հոգի չկարողացավ ներշնչել, քան թե այն միակ ստրկության հոգին, որ և իրոք ստացան նրանք:
«Հայոց քահանայք միշտ քարոզեցին, թե այս աշխարհս մի փուչ անցավոր աշխարհ է, որ աստված ստեղծել է մարդու համար, որպես մի բով, որի մեջ մարդը, ոսկերչի արծաթի նման, պիտի հալվի, մաշվի և զտվելով մաքրվի՝ մի նոր փառավոր կյանքի համար մահից հետո...։ Նրանք քարոզել են և այն առասպելական խոսքը, թե հայոց ազգի վրա լինելով մի անեծք յուր հին հոգևոր հայրերից, նրա որդիներին այս աշխարհի մեջ չկա հանգստություն, այլ նրանք պիտի հալածվին, վիշտ ու նեղություն կրեն, տնից, տեղից, հայրենիքից, պիտի զրկվին, միշտ գերության մեջ, միշտ թշնամու լծի տակ պիտի լինին, որպեսզի դրանցով ապաշխարհություն լինի նրանց մեղքերին և ազատվին նրանց հոգիները։
«Ահա՛, այդպես, իմ սիրելի, հայոց քահանայքը` խոստանալով իրանց ժողովրդին մի նոր կյանք ամպերի մյուս կողմում միշտ հեռացրել են, միշտ սառեցրել են նրանց սրտերն այս աշխարհից և չեն թույլ տվել նրանց հաստատել իրենց համար երկրի վրա հիմնավոր կացություն, միշտ նրանց հրավիրելու դեպի երկինքը։ Եվ այդպիսով միշտ խոնարհություն քարոզելով, միշտ հեզություն քարոզելով, միշտ աղքատություն քարոզելով, թուլացրել են հայերի քաջազնական և աշխատասիրության հոգին։
«Աշխարհի երևելի տիրապետողները չեն եղել քրիստոնյա մարդիկ։ Թեմուրլենգը, Աթիլլան, Չինգիսխանյանք, Նադր-Շահը, Աղեքսանդր Մակեդոնացին,— բոլոր հզոր աշխարհակալները մարդկության պատմության մեջ,— դու գիտես, Սալբի, ի՛նչ հոգու, ի՛նչ կրոնքի տեր մարդիկ են եղած։ Բայց քրիստոնեությունն աշխարհ գալուց հետո դադարեցավ ազգերի քաջագործությունները, քրիստոնեությունը կերավ, մաշեց հռովմայեցոց արևելյան և արևմտյան կայսրությունները։
«Խորամանկ Մուհամմեդը ներշնչեց Իսլամի հետևողների մեջ պատերազմասեր և քաջության հոգի, խոստանալով յուր մարտիրոսներին ճեննաթի բանաստեղծական վայելչությունները, և շուտով Իսլամը տիրեց հին աշխարհին։ Եվ հայոց քաջազնական հոգին առավել վառվռուն փառքերով փայլում է նրա հեթանոսական դարերում, որովհետև հին քուրմերը աստվածացրին Վահագնին,