իսկ Տիգրանը, Արշակը և Միհրդատը դյուցազունք եղան, որովհետև պատերազմի դաշտերում սպանվողները հույս ունեին Օլիմպոսում ընդունել Աթենասի և Արեսի ձեռքից նեկտար և փառաց պսակ։ Ահա՛ այդքան կրոնական քաջալերություն կար դեպի կռիվը։
«Հայոց եկեղեցին նույնպես երգում է յուր շարականների մեջ անթառամ պսակ և անապական բաժակ ստանալն այն քաջերին, որ նահատակվեցան Ավարայրի դաշտումը։ Եվ հայոց եկեղեցին սրբոց դասն է դասում Վարդանին և նրա քաջ ընկերներին։ Եվ այդ կրոնական ոգևորությամբ, այդ ջերմեռանդ քաջալերությունն էր, որ պատճառ տվեց հայերին այնպիսի միահոգի սպառազինությամբ մղել այն սաստիկ պատերազմը` Զրադաշտի պաշտոնյաների հետ։
«Բայց ես չեմ կարծում, թե հայերն այնպես քաջությամբ կարողանային կռվել, եթե կռիվը լիներ հայրենիքի և ազդի ազատության համար։ Բայց այնտեղ թշնամին սպառնում էր նրանց կրոնքի կորուստը, և կրոնասեր հայերն իրանց հավատքի համար զոհեցին այնքան շատ տղամարդիկ։
«Այդ խոսքերից, իմ Սալբի, դու կարող ես ապացուցանել, թե կրոնքները և կրոնական պաշտոնյաները կարող էին խլել ազգերից նրանց արիությունը և նրանց քաջությունը և ընդհակառակը՝ կարող էին ոգևորել ազգերը դեպի քաջագործություններ։ Բայց երանի՜ այն ազգին, որի կրոնքը քարոզում է այդ վերջինը...։
«Հայոց եկեղեցին ջերմեռանդությամբ տոնում է Վարդանի և նրա ընկերների հիշատակը։ Բայց այնքան շատ հոգիներ, որ մորթվեցան հույների, պարսիկների, տաճիկների, թաթարների, մոնղոլների սրերով, դրանց հիշատակը կորած է...։ Հայոց շարականները չեն անմահացրել դրանց անունները... և ոչ մի հայ եկեղեցական մարդ նրանց զորքի մեջ չէ կատարել յուր գիշերային ժամերգությունը... և պատմությունը թույլ, անհոգի բառերով խոսում է դրանց վրա...։
«Օրորո՛ց... դա առաջին դպրոցն է մարդկանց որդիների. օրորոցի ե՜րգ... դա առաջին դասն է, որ մայրերը խոսում են իրանց երեխաների ականջներին։ Օրորոցից պատրաստվում է մարդս լինել մարդ այդ բառի բազմախորհուրդ նշանակությամբ։ Բայց ի՞նչ խելք, ի՞նչ միտք, ի՞նչ զգացմունքներ կարող են ստանալ հայոց մանուկները այն օրորոցների մեջ, ուր դնում են նրանց իրանց մայրերը։ Երբ երեխան ծնված օրից՝ նրա օրորոցի դաստակից կախում են նրա կրծքի վրա կախարդական բժժանք, հուռութուլունք