Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց նեղություններին։ Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. նա տեսնում է, յուր պատկերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում...։

«Երբ մեր աստվածը, երբ մեզ նման մարդիկ, ամենևին հոգս չեն քաշում մեզ համար, որ մեզ ազատեն մեր նեղիչների ձեռքից, էլի մեր ցավը մնում է մեր վզին, էլի հարկավոր է, որ մենք մեզնից մի սիրտ, մի հոգի լինենք, միմյանց օգնենք մեր անբախտ գլուխը ազատելու համար ուրիշից, որ մեր միսը, մեր արյունը չէ, մեզ ոչինչ օգուտ չկա։

«Որովհետև բոլոր ազգերը, որոնցից որևիցե օգնության հույս ունինք մենք, բոլորն էլ առանց մեղքի չեն։ Երբ նրանցից մինը՝ ասում է իմ նեղիչին՝ դուրս հան աչքիդ միջից շյուղը, նա նրան պատասխանում է.— ուրեմն դու էլ դուրս հան քո աչքի միջի գերանը, հետո խրատիր ինձ։ Ահա՛ այդպես, նա նրան ասում է՝ կույր ես, նա պատասխանում է՝ դու էլ քաչալ ես։

«Եվ արդարև, այդ երևելի տիրապետողներից, այդ վիթխարի հրեշներից ամեն մինը, առած յուր ճանկերի մեջ մի քանի մանր ազգեր, ծամում են նրանց լերդը, ծծում են նրանց արյունը։ Խղճալի զոհերը ճչում են, աղաչում են, ոչ ոք չէ լսում նրանց ձայները. և նրանք լսում են ճակատագրական սպառնալիքը— լո՛ւռ կաց...:

— «Այս կյանքի չարչարանքների փոխարեն մյուս կյանքում աստված կհատուցանե. այդ ապաշխարություն է, վնաս չունի։

— «Դարձյալ երևեցա՞ր, սևերե՛ս, անե՜ծք քեզ, չար սատանա...։

— «Հոր երանելին քեզ օրինակ։

— «Գնա՛, կորի՛ր, ասում եմ քեզ, քո խրատները մեզ պետք չեն։

— «Իսրայելցիք քեզ օրինակ Եգիպտոսում։

— «Դարձյալ սկսեցի՞ր, ձայնդ չե՞ս կտրելու։

— «Ապա որպե՞ս ժառանգեցին Քանանու երկիրը։

— «Տո՛, հիմար, նրանք ունեցան Մովսես, Ահարոն, Նավյա որդին Հեսու, մի՛թե քեզպեսնե՞րը պիտի հայի խավար տանը ճրագ վառեն, նրա ձեռքից բռնեն և գերությունից ազատեն։

«Բայդ այդ սև սիրտը լիրբ է. դա չէ ամաչելու, դա չէ հեռանալու ինձանից։ Ես ինքս կփախչեմ դրանից, եթե ոչ, քանի կանգնած եմ դրա մոտ, միշտ իմ ականջներս ծակելու է դրա միջնադարյան զուռնայի ձայնը... տասնևինը դար այդ զուռնան փչում