Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտասուք, որոնք շուտով գլորվում են նրանց փառահեղ, սպիտակ մորուքի վրա, երբ մտաբերում են ցավալի անցյալը։

«Նրանց տղամարդիկն այնքան ամուր, այնքան պնդակազմ են, որ ձևացնում են Հերքուլեսի չուգունից արձանները։ Նրանք միանգամայն պատած պողովատի զրահներով, միշտ իրանց վրա ունին զենքեր։ Նրանց ձիաները միշտ թամքած սպասում են վրանների առջև, որ երբ պատահե թշնամու հանկարծահաս հարձակմունք, շուտով քաջերը թռչեն նրանց վրա և դուրս գան ավազակների դեմ։

«Նրանց կանայք բոլորն ունին բարձր նոճիների նման ուղիղ հասակ, նրանք ավելի նրբակազմ են, բայց ջլուտ և ոսկրոտ. ես չեմ տեսնում նրանց մեջ և ոչ մեկը, որ մսալի և հաստլիկ լինի։ Նրանք ունին թուխ, կրակոտ աչքեր, բարակ սև հոնքեր, մետաքսի նման փափուկ, բայց ղավայի նման սև և փայլուն ծամեր։ Նրանց երեսները նիհար են, գորշ կարմրագույն թշերով, որոնց կաշին փայլում է առավել կոկությունից, բայց խիստ շատ վայելուչ և գրավիչ հայացքով։ Այդ ախտալից կանայքը, այդ հայկազնյան արտեմիսները, դու տեսնում ես շատ անգամ թեթևաշարժ եղջերուների նման աներկյուղ և համարձակ վազվզում են բարձր և մեծ ապառաժների վրա որսի համար. նրանք նույնպես կրում են զենքեր, նրանք նույնպես կռվում են, երբ նեղում է նրանց թշնամին, երբ հարկավորվում է պահպանել իրանց անասունները։

«Այս ո՛չ այնքան բազմաթիվ վրանաբնակները, իրանց կյանքի պարզ և բնական կերպարանքներով, ձևացնում են նախկին մարդկությունը, որ ապրում էր միմիայն յուր հոտերով։ Ոչխարների կաթնից պատրաստում են՝ մածուն, սեր, կարագ, յուղ, պանիր և ժաժիկ.— դրանք բավական են նրանց կերակուրների համար։ Ոչխարների բրդից մանում են թելեր, որոնցից գործում են կապերտներ, օթոցներ, գորգեր՝ սփռոցի, վերմակի համար, և աբաներ, վերարկուներ, արխալուղներ, շալվարներ՝ հագնելու համար, ձեռնոցներ, թաթմաններ և գլուխը դնելու թաղիքե քոլոզներ։ Նրանց մնում է գնել միմիայն հաց, այդ էլ փոխարինում են իրանց անասունների բերքերի հետ։ Այծերի մազերից հորինում են չվաններ և վրանների պաստառներ։

«Բայց այդ բոլոր գործերը կատարում են կանայք։ Նրանց տղամարդիկն ավելի հանգիստ են։ Նրանց կանայքը միշտ կրկնում են իրանց սովորական առածը, թե «կնոջ գործն է աշխատելը, տղամարդը պիտի հանգիստ ապրի, որ գիրանա, զորանա կռվելու