Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար»։ Եվ այս է պատճառը, որ երբ նրանց տղամարդիկը կամենում են վշտացնել իրանց կանանցը, գնում են և անծածկույթ պառկում են սառը քարերի վրա, որ հիվանդանան։

«Այդ բնության հավատարիմ որդիների հագուստները, անտարակույս, ունին մեր նախնի հայերի զգեստաձևերը։ Թաղիքե երկայն քոլոզներ, փաթաթած ապարոշներով, դրած են գլխներին. հագած են լայն շալվարներ, որոնց մեջ թողնելով իրանց վարտիքը և բաճկոնի կամ զբունի երկայն դրոշակները, բավականին ուռցնում են, և նրանց իշխանները՝ համարյա կիսաքարշ գետնից տանում են իրանց շալվարները։ Մեջքները պնդած են հաստ գոտիներով, որից վերև հագել են կարճլիկ քազախա կամ գառիկ, և մի լայն վերարկուի (աբայի) մեջ ծածկվում են նրանք։ Նրանց շապիկների թևքերը, երկայն և լայն, քարշ են ընկած, որ և շատ անգամ փաթաթում են իրանց բազուկների վրա։

«Նրանց կանանց հագուստներն ավելի պարզ են․ մի շապիկ իջնում է մինչև նրանց ոտքերը, նրանց վարտիքի բերանը սրունքներից վերև պինդ բուզմայած է լարանով. շապկի վրա հագած ունին անթարի կամ բնիշ՝ երկայն և բաժանված դրոշակներով։ Նրանց գլխի զարդերը ցուցանում են, թե հայոց կանայքը հին ժամանակներից միշտ սովորություն են ունեցել կրել թագ և պսակ, որպես մեր Զարեհավանի կանայքը կրում են գոտի: Ուլունքներ, մատանիներ, գնդեր, ապարանջաններ, քթի օղեր կրում են համարյա բոլորը։

«Բայց այնքան բազմության մեջ ես չեմ տեսնում մի մարդ, որ կարդալ գիտենար։ Մի բան, որ պակաս է դրանց՝ է ուսումը և կրթությունը։ Բայց դու կզարմանաս, իմ սիրուհի, թե ասեմ, որ դրանց մեջ կան և քահանայք, որոնք կարդալ չգիտեն...։ Այդ քահանայքը չեն որոշվում հասարակ ժողովրդից. նրանք նույնպես ունին իրանց գոտիների մեջ ատրճանակներ, և նրանց կողքից քարշ է գնում երկայն թուրը...։ Ես քննեցի այդ քահանաներից մինի ուսումը, սուրբ գրքերից գիտեր միայն տերունական աղոթքը և երրորդության անունները, նրա հավատքի հանգանակն էր այն, որ աստված ստեղծել է երկինքը և գետինքը․ նա միայն կառավարում է բոլոր աշխարհը, և ինքը, յուր թախտը դրած ամպերից վերև, քննում է արդարների և մեղավորների գործերը։ Եվ Քրիստոսը նրա որդին է, որին ուղարկեց աշխարհ մեզ սատանայի գերությունից ազատելու համար, և աշխարհից վերանալուց հետո թողեց սուրբ խաչը իբրև յուր օրինակը, որ մենք պաշտենք. այդ պատճառով