Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ մարդիկն իրանց կոչում են առավել խաչապաշտ, քան թե քրիստոնյա։ Եկեղեցու խորհուրդներից նրանց հայտնի է միայն մկրտությունը, պսակը և հաղորդությունը, որոնք քահանան կատարում է երեք անգամ երրորդության անունը հիշելով։

«Նրանք ճանաչում են և մի քանի սրբերին, որոնց մեջ երևելի են սուրբ տիրամայրը, սուրբ Կարապետը, որի գերեզմանը Տարոնումն է, սուրբ Լուսավորիչը և սուրբ Էջմիածինը. այդ երեքին ճանաչում են որպես աստուծո վեզիրներ։ Գիտեն և այլ սրբերի անուններ, որոնք աստուծո ատյանում ունին զանազան բարձր և խոնարհ աստիճաններ, որոնց հանձնված են մարդկանց զանազան տեսակ հսկողությունները։

«Դրանք ունին և մի հատ սուրբ Ավետարան գրչյա և մի քանի մասունքներ, որոնք ման են ածում իրանց հետ, որպես սրբություններ։ Այդ մարդկանցից ոչ մինը չէ տեսած, թե ինչ բաներ են դրանք, պատճառ՝ որ նրանք միշտ փաթաթված են զանազան գույներով թաշկինակների մեջ։ Մի առանձին վրան ամեն մի իջևանում կրում է յուր մեջ այդ սրբությունները։ Եվ ամեն առավոտ ջերմեռանդ վրանաբնակները, հավաքվելով այդ վրանի առջև, մի քանի անգամ ծունր են իջնում, երկրպագություն տալիս, մի քանի անգամ խաչակնքում իրանց երեսները, և այդ է նրանց աղոթքը։ Իսկ այդ սրբությանը խորանը և միանգամայն կացուցանում է նրանց ժամատունը։

«Հայկական բարբառը տակավին չէ կորուսել դրանց լեզվի մեջ յուր հին ձևերը։ Նրանք տակավին գործ են ածում իրանց խոսակցության մեջ՝ ի, զ, ընդ, առ նախդիրները։ Նրանց խոսակցությունը խիստ արագ է և կենդանի. նրանց ձայնը զանգակի հնչյուն ունի:

«Վերջին փոթորիկները Փոքր Ասիայի մեջ, կործանելով մեր Ռուբինյան թագավորությունը, խլեցին մեր ազգի այդ մի հատվածն իրանց բնիկ աշխարհից, և երկար տարուբերելով աշխարհի վրա, այժմ հասցրել են մեր սահմանակից սարերին, բայց ո՞վ գիտե, մինչև ո՞ւր պիտի քշե, տանի դրանց անգութ ճակատագիրը...։

«Այդ մարդիկը բնությամբ խիստ կրակոտ են և աշխույժ. սիրում են երգել, պարել, մանավանդ դրանց կանայքը, և միշտ ոգևորված են կենդանի ավանդություններով իրանց ազգի և իրանց կրոնքի մասին։ Ես հույս ունիմ քաղել դրանցից շատ իրողություններ, որոնք լույս կտան մեր ազգի միջնադարյան և նոր ժամանակների պատմությանը։