«Ողբը վերջացավ։ Քահանան կատարեց աղոթքը։ Ժամանակ էր, երբ քաջի դին կամենում էին հանձնել հողին, նույն րոպեին հանգուցյալի կինը կատարեց մի խիստ վսեմ և սրտաշարժ իրողություն. նա կտրեց յուր գլխի ծամերի հյուսերը, յուր գանգուր խոպոպիքը, յուր գլխի բոլոր արծաթի և ոսկի զարդերը, դրեց դագաղի վրա. «քեզանից հետո թող մի այլ աչք չտեսնե իմ զարդարանքը»...— ասաց նա։ Նաև դրեց մի փունջ ծաղիկ նրա նաշի վրա... այդ նրա սիրտն էր, Սալբի, որ մեռնող ամուսինը տարավ յուր հետ հողի տակ...։
«Հանգուցյալի վրանում պատրաստված էր հոգեհաց, բոլորը հավաքվեցան այնտեղ ճաշ ուտելու։ Երբ կերան, լիացան, քահանան կանգնեց ոտքի վրա և խոսեց մի կարճ, բայց ազդու ճառ. «աստծո կամքը գուցե այդպես էր եղած, և թող օրհնյալ լինի նրա կամքը, արդարև, նա չթողեց երկար ապրել մեր վրանների առաջնորդին, բայց առանց դրա այդ քաջը շատ բարիք գործեց յուր կյանքում, նա թողեց յուր հետքից միշտ գովելի հիշողություններ։ Դուք, իմ սիրելիք, սրբեցեք արտասուքը ձեր աչերից, թո՛ղ մխիթարենք ընտանիքը պատվելի հանգուցյալի»։
«Քահանան նստեց։ Ծերերից մի քանիսը ներս բերեցին մեռնողի տասնևերկու տարեկան որդուն՝ հագնված սգազգեստի մեջ, և նրա թուրն ու կամարը։ Քահանան օրհնեց այդ զենքերը և մի ծեր պատերազմող կամարը կապեց նրա մեջքը, և քարշ տվեց հոր թուրը։ Այնուհետև բոլորը մի-մի սկսան համբուրել նրա երեսը շնորհավորելով նրա գլխավորությունը»։
ԻԹ
ՍԱԼԲԻԻ ՆԱՄԱԿԸ
«Սիրելի Ռուստամ,
«Ես կարդացի քո օրագիրը, երբեմն ուրախանալով և երբեմն արտասվելով. ես քեզ հետ զգացի բազմախորհուրդ օրորոցի երգի նպատակը այն այրի տիկնոջ. քո ոտանավորով նվերը հիանալի է...։ Բայց, ափսո՜ս, այժմ չեմ կարող գրել քեզ իմ զգացմունքները քո ոգելից օրագրի վրա. ուրիշ ժամանակի թողնելով այդ, այժմ շտապում