եմ հայտնել քեզ մի նոր խաբար, որ վերաբերում է ինձ և քեզ։
«Դու չծիծաղես, սիրելի Ռուստամ, իմ այս անքաղաքավարի խոստովանությանս վրա.— ինձ այժմ հայտնվել է մի նոր սիրող...։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ է դա.— Ավազակյանց Սոլոմոնը, այն անզգա հիմարը, այժմ սկսել է սիրել ինձ...։ Այդ մի նոր լուր չէ՞... ներիր, որ փոխանակ պատասխանելու քո սրբազան օրագրին. գրում եմ դատարկ բաներ։ Որովհետև ես առանց քո գրելու գիտեմ, որ հայի օրը վաղուց խավարել է և հայի աստղը վաղուց նսեմացել է...։ Ես առանց քո գրելու գիտեմ. մեր ականջներին զարկում է մի օրորոցի երգի ձայն, այդ խրախուսական ձայնը՝ Հայաստանի մոր ձայնն է...։ Բայց դու տեսնո՞ւմ ես այն անթիվ, անհամար հերովդեսները, որոնք դեռ չստուգած մոգերից— իմաստուններից մի այդպիսի գուշակություն, հրամայում են կոտորել բոլոր մանուկներին, որպեսզի նորածինը ևս նրանց հետ կորչի...։ Ես չեմ կարողանում ավելի պարզ գրել քեզ. ստույգ ես գրել, մեր լեզուները կապ են, մենք դատապարտված ենք մշտնջենավոր համրության. պատճառ՝ Զաքարիայի պատիժը եկել է մեր գլխին... ուրեմն մի նոր Հովհաննես պետք է, մինչև արձակվին մեր լեզուների կապերը...։ Դառնանք դեպի մեր խոսքը։
«Ավազակյանցը, միով բանիվ, խնդրել է իմ ձեռքը, ուրիշ խոսքով, նա միտք ունի ինձ հետ պսակվելու։ Նրա մի այդպիսի խորհուրդը հառաջագույն հայտնեց ինձ նրա քույրը, որ, որպես երևում է, եղբոր նպատակը կատարելու համար, հանձնված է տիկին Սալլաթինի մոտ ուսանելու օրինակով։ Բայց մի քանի օր առաջ մի անցք բոլորովին հայտնի կացույց նրա միտքը։ Ես հարկավոր եմ համարում գրել այդ մի ըստ միոջե։— Ես մեր այգումն էի, և նստած մի ծառի տակ, փունջ էի կապում ծաղիկներից, որ նոր բուսել էին հալված ձյունի տակից։ Մեր այգեպանը գնացել էր հեռու, այգիի խորքումը կտրում էր որթերը, ես միայնակ էի։ Հանկարծ տեսա այգիի ցանկապատից ներս սողաց մի մարդ և մոտեցավ, ճանաչեցի, Ավազակյանց Սոլոմոնն էր։ Նա սկսավ ման գալ այգիում։ Երբ ո՛չ ոք չտեսավ, և կարծելով ես միայնակ եմ, տեսա, ուղղակի եկավ ինձ մոտ։ Ես ամենևին ընդունելության նշան ցույց չտվի նրան, բայց նա ինքնագլուխ նստեց ինձանից մի փոքր հեռու խոտերի վրա։ Երկար այնպես նստած լուռ նայում էր դեպի ինձ, բայց երբ հասկացավ, որ ես իրան ուշադրություն չեմ դարձնում,