խոսեց.— «Որքան անողորմ եք, աղջիկ պարոն, չեք մատուցանում ինձ գոնյա մի վարդ»։
«Ես իսկույն հասկացա նրա ինչ խորհրդով ինձ մոտ գալը. այդ պատճառով, մտածեցի, նրա բերնի համը տալ։
«Ես ուրիշի համար եմ պատրաստում այս փունջը,— ասացի սառնությամբ։
— «Բայց ես այժմ ձեզ հյուր եմ և հյուրի պատիվը սուրբ բան է,— պատասխանեց նա։
— «Նա՝ որ դռնից չէ ներս մտնում, այլ պատից է վեր գալիս, գող է և ավազակ,— ասում է գիրքը։
«Նա բարկացավ։
— «Դուք շատ անքաղաքավարի եք, ես խնդրեցի ծաղիկ,— ասաց նա վշտացած ձևով։
«Բարկությունը խռովեց և իմ արյունը. այդ պատճառով բոլոր քաղաքավարությունները մի կողմ դնելով, ավելի կոշտությամբ պատասխանեցի նրան.
— «Ներեցեք, պարոն, դուք տակավին այն արժանավորությանը չեք հասած, որ կարող լինիք իմ ձեռքից ընդունել ոչ թե ծաղիկ, այլև փուշ։
— «Ե՞ս... մելիք Պիլատոսի որդի՞ն... այս գավառի իշխա՞նը... արժան չէ՞ ընդունել ձեր ձեռքից և փուշ...— գոռաց նա կատաղի եղանակով։
— «Արդարև, ձեզ արժան է տեր-Առաքելենց Ռուստամը, այն արյունախում սրիկան...— կցորդեց նա։
«Բայց ես, կամենալով ավելի խոր խոցել նրան, պատասխանեցի.
— «Անպիտան, դուք ինչպե՞ս եք համարձակվում առանց ահ ու դողի բերան առնել այն պաշտելի տղամարդի անունը, որին այնքան սիրում եմ ես։
«Երբ նա նշմարեց, որ խստությամբ չէ կարող համոզել ինձ, տեսա, ստրկաբար ծունկ իջավ իմ առջև և կամենում էր համբուրել իմ ոտքերը։ Մերժեցի ես այն փոքրոգին և թույլ չտվի որ նրա պիղծ շրթունքը մերձենային ինձ։ Բայց նա մերկացույց յուր դաշույնը, դրեց իմ առջև.— «Երբ դուք այդպես անխիղճ եք,— ասաց նա.— երբ չեք կամենում ձեզանով բախտավորել ինձ, ուրեմն առեք այս սուրը և այդ մահու գործիքով հասուցեք մի խորին հարված իմ սրտին, որ այդպես սաստիկ կերպով զարկում է ձեզ համար... թող