դադարե նրա զարկը... և այդ պարծանքը կհանգստացներ ինձ գերեզմանի խորքում, թե սպանվեցա Սալբիի ձեռքով...։
— «Հեռացեք ինձանից, ասում եմ ձեզ, ես չեմ կամենում տեսնել ձեր երեսը, սպառնացա նրան։ Ինչո՞ւ եք խռովում իմ հանգստությունը, ինչո՞ւ իզուր ստորացնում եք ձեզ. հավատացնում եմ ձեզ, ո՛չ ձեր փառքը, ո՛չ ձեր հարստությունը և ո՛չ ձեր այդ փոքրոգի, ստորաքարշ կեղծավորությունները, ոչինչ բան ձեր կողմից՝ չեն կարող խաբել ինձ...։ Եթե կրակը և վառոդը կունենային որևիցե ընկերություն, այն ժամանակ և դուք կվայելեք այն փառքը՝ կոչվիլ Սալբիի փեսա։
«Երբ նա կամենում էր յուր աղվեսաբարո շողոքորթությանց երկրորդ փորձն անել, հանկարծ ծառերի հետևից երևան եկավ ծերունի Մարտիրոսը, մեր այգեպանը, հազալով և փռշտալով, իսկ կեղծավորը աներևութացավ թփերի մեջ։
«Այդ անցքը եղավ ինձ ամենօրյա մտածությունների նյութ և ես սպասում էի, թե ինչ է լինելու դրա վերջը։ Մինչև ներկա օրերումս հարսանիք էր մեր դրացու տանը, մի գիշեր ես էլ էի հրավիրված այնտեղ։ Նորահաս աղջիկներ և մանուկ պատանիներ պար էին բռնած. տեսա ինձ մոտեցավ կրկին անգամ այն հիմարը և խնդրեց իմ ձեռքը պար բռնելու. ես մերժեցի նրան այս մի քանի խոսքերը նրա ականջներին հասցնելով. «Հիմար, դուք արդեն առել եք ինձանից ձեր առաջին անմտության վարձը, դարձյալ լրբանում եք վշտացնելու ինձ»։
«Մյուս օրը առավոտյան մի անծանոթ կնոջ ձեռքով ստանում եմ մի նամակ. ահա՛, նրա խոսքերը բառ առ բառ հաղորդում եմ քեզ.
«Անխի՛ղճ և անողորմ օրիո՛րդ,
«Ես մոռանում եմ այն բոլոր դառնությունները, որ դուք պատճառել եք ինձ և դարձյալ դիմում եմ դեպի ձեզ սիրո խոսքերով, հուսալով, թե ձեզանում նույնպես գտնվում է կարեկից սիրտ։ Սալբի, աղաչում եմ ձեզ, մի թողեք ինձ երկար տանջվել, ձեր ձեռքումն է այժմ իմ մահը և իմ կյանքը...։ Նախախնամությունը գրել է ձեր ճակատի վրա ոսկի տառերով.— Դուք իմն եք: Բայց, Սալբի, ես ցավում եմ, դուք սնուցանում եք ձեր սրտի մեջ սերը մի տղամարդի, որ խիստ ատելի է ինձ։ Դուք չեք կարող կատարել ձեր անխոհեմ նպատակը։ Ձեզ համար մի ճար կա.— ընդունել իմ ձեռքը: Բայց եթե դուք ընդ երկար կմնաք ձեր կամակորության վրա համառած, անտարակույս պատճառ կլինեք երեք անպարտ