Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է... որովհետև, Ռուստամը կպսակվի օրիորդ Սալբիի հետ, այնուհետև, ոչինչ չէ կարելի անել...։

— Ես չեմ կարծում, որ իմ փափագը կատարվի,— ասաց Սոլոմոն-բեկը երկար լռությունից հետո։— Որովհետև այդ աղջիկը ոչինչ բանով չէ կարելի խաբել, նա մի երկաթի պնդությամբ հաստատամիտ աղջիկ է։

— Ես ասացի, թե աղջկա հետ գործ չունինք այսուհետև,— պատասխանեց պարոն Վասակյանը։ Եվ եթե մինչև այսօր մտածել ենք օրիորդ Սալբիի կամքով շինել բանը, այդ մեր անխելքությունից է եղած, որովհետև Ասիայում աղջիկների ու տղամարդերի կամքը ամուսնության մասին ոչինչ նշանակություն չունի, նրանց կամքը՝ նրանց ծնողների սրտումն է. նրանց ընտրությունը՝ կախված է նրանց ծնողների հաճությունից։ Դուք լսե՞լ եք մինչև այսօր Պարսկաստանում մի աղջիկ յուր կամքով ընտրեր փեսա, կամ թե մի տղամարդ ինքնագլուխ իրան կին առներ։ Ուրեմն ի՞նչ շահ կար մեզ աշխատել շահելու օրիորդ Սալբիի կամքը, երբ նրա մայրը կարող էր յուր աղջիկը ամեն մարդու տալ։ Եվ օրիորդ Սալբին յուր կողմից ոչ մի իրավունք չուներ յուր մորն ընդդիմանալու։

— Ձեր խոսքերն ստույգ են, Ռե՛ս, մենք մինչև այսօր սխալվեցանք, իզուր ժամանակ կորուսինք։ Արդարև, Ասիայում ծնողքներն ոչ միայն կարող են իրանց աղջիկներն ուզած մարդուն տալ կնության համար, այլև վաճառել ստրուկի, գերիի նման։

— Ես ուրախ եմ, որ դո՛ւք հասկացաք իմ միտքը,— առաջ տարավ Ռեսը,— բայց արդյոք կարո՞ղ եմ հասկացնել ձեզ, որ ձեզ պետք է հանձն առնուլ և մեծ զոհաբերություն։

— Միթե փողը կարո՞ղ է մի բան շինել այստեղ։

— Ի՞նչ եք խոսում, օրհնած, ես փողի մեջ ճանաչել եմ մի վերին աստվածեղեն զորություն, ի՞նչ անհնարին գործեր կան, որ չէ կատարում արծաթը...։

Պարոն Վասակյանի վերջին խոսքերը խիստ ծանր էին պատանի Ավազակյանցի սրտին, նրան դժվար էր այնպես շռայլաբար բաց անել յուր քսակի բերանը, որովհետև նրանում դրված էր և՛ նրա հոգին, որ իսկույն դուրս էր թռչելու արծաթի հետ։ Բայց օրիորդ Սալբիի սերը, առավելապես նրան խելքից հանած լինելով, քան ոսկին, ակամա հոժարվեցավ Ռեսի խորհուրդին։

— Ես ասացի, թե մեզ պետք է շահել տիկին Թարլանի կամքը,— պատասխանեց պարոն Վասակյանը յուր սովորական հանդարտությամբ։— Որպեսզի կարողանանք շահել նրա կամքը, պետք