Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծածկի տակ քրդերի սրից կոտորվելու, պատերազմի դաշտում մեռնեին», կամ իրենց բողոքը գրավոր արտահայտեին, պաշտպանեին իրենց իրավունքները մարդկության առաջ»։ Բայց Րաֆֆին գիտեր, որ չկան հայ ժողովրդի շահերը պաշտպանող «կուսակցություններ», որովհետև ամիրայությունը Թովմաս էֆենդու կուսակցությունն է, «ռուսասեր կուսակցությունը» թաքնվում է Իգնատևի հետևում, այսինքն՝ ցարական դիպլոմատիայի ստվերի տակ է մնում, իսկ երիտասարդությունը, նոր սերունդը, լուսավորիչների կուսակցությունը...», «իրավ է», պատրաստում են հեղափոխականներ, բայց չեն պատրաստում ասպարեզ դուրս եկող հերոսներ»[1]: Մնում է ժողովուրդը... «...ժողովուրդն ինքն է բողոք բարձրացնում թե′ զենքով և թե′ խոսքով» — նկատում է Րաֆֆին։ «Այդ լինում է հեղափոխական ցույցերով, և դրան ասում ենք, թե ազատության զզացմունքն արմատիցն է ծագում, ամբոխի սրտիցն է բխում — ցածից դեպի վեր է բարձրանում»[2], «Մշակ դասը», ըստ Րաֆֆու, ամենից գործոն տարրն է, և մշակներն են պատրիարքարանի «դռները և պատուհանները փշրում, աղմուկ բարձրացնում և արդարություն խնդրում»[3]։ Բեռլինի վեհաժողովին բողոք ներկայացնելու առաջարկն անող հրապարակախոս Րաֆֆին, միաժամանակ, գրում է, որ «...առանց արյունի, առանց զոհերի փրկություն չէ լինում»[4]։

Ի՞նչ են ասում «Խենթը» և «Ջալալեդդինը»։ Նախ «Խենթի» մասին։ Վեպում ճշմարտացի է տրված պատմական ֆոնը, ճիշտ են նկարագրված պատմական դեպքերը, իրական-պատմական է Վարդանի անձնավորությունը, որին Րաֆֆին միայն անվանափոխել է և վիպական կերպարանք է տվել։ Բացի գեներալ Տեր-Ղուկասովից, բժշկապետը ևս իրական է—Բագրատ Նավասարդյանը, ճշմարտացի նկարագիր է ստացել գաղթականությունը և նրա նկատմամբ Էջմիածին վանքի կողմից ցույց տրված անհոգի վերաբերմունքը։ «Խենթը», որ ծնվել է որպես արդիական վեպ, միաժամանակ պատմական գրվածք էր։

Արևմտյան Հայաստանի ժողովրդի նկարագիրը Րաֆֆին ամփոփում է Խաչոյի և նրա բազմամարդ ընտանիքի գեղարվեստական պատկերի մեջ։ Խաչոն իր ունևոր կյանքով ու միջավայրով տիպական չէր ամբողջ հայ գյուղացիության համար, բայց նա ևս օժտված է նահապետական մտածողությամբ։ Րաֆֆին էլ շտապում է հասունացնել գյուղացու միտքը մինչև ազգային ազատագրության իդեալը։ Փոխվում է Հայրապետի հոգեբանությունը, փոխվում է ծերուկի միտքը։ Ահա այս խաղաղասեր, հողին նվիրված ժողովրդի վրա էր բարձրացել թշնամու յաթաղանը։

Վեպում սուր բնութագրությամբ են տրված թե՛ հայ և թե՛ օտար շահագործողի ու բռնակալի կերպարները։ Մի կողմից, դա Թովմաս էֆենդին է, մյուս կողմից՝ Ֆաթթաֆ-բեկը։ Երկուսն էլ թուրքական-քրդական և ազգային հայկական վերնախավերի և գոյություն ունեցող պետական կարգերի ծնունդ են, երկուսն էլ թալանում, կողոպտում են հայ ժողովրդին։ Ամեն սրիկայության, խաբեության ու ստորության ընդունակ և պատրաստ, այդ ամենի կենդանի մարմնացում էֆենդին ու բեկը հոշոտում են անզեն ու անպաշտպան հայ գյուղացուն:

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, իններորդ Հատոր, էջ 309, Երևան, Հայպետհրատ, 1958 թ.
  2. Նույն տեղը, էջ 304։ Ընդգծել է հեղինակը: Ս. Հ.
  3. Նույն տեղը, էջ 310
  4. Նույն տեղը, էջ 311