ապրում էր որպես փաստաբան մոլլաների դիվաններում. այդ գործով, նա խիստ փոքր ժամանակում, մեծ հարստության տեր դառնալով, սկսավ վաճառականություն անել։ Բայց միևնույն ժամանակ նա բոլորովին չկտրեց յուր հաղորդակցությունը մոլլաների հետ. կարծես թե Միրզա֊Ֆաթալին պարտավորված էր կերակրել այդ մարդերի ստամոքսը, որոնց ձեռքումն էր Իսլամի օրենքը։ Բացի դրանից նա ամեն շաբաթ ուներ յուր տանում մի քանի առանձնակի հյուրեր, որ էին այն կարգի մարդերից, որ իրանց կեղծավորությամբ և փարիսեցիությամբ, ո՛չ միայն ստացել էին ուղղափառ մուսուլմանի անուն, այլ օրինական մոլլաների դիվաններում, գրավել էին մեծակշիռ համարում իրանց արդարության մասին: Միրզա֊Ֆաթալին կարոտ էր պահպանելու յուր բարեկամությունը այդպիսի խաբեբաների հետ, որ շատ անգամ օգնում էին նրան յուր չարագործությունների մեջ.— հարկավորած ժամանակ՝ լինելով նրա համար սուտ վկաներ, և շատ անգամ կնքելով նրա կեղծյալ և խարդախ տոմսակները և մուրհակները։
Մի քանի դերվիշներ ապրում էին նրա հացով՝ նրա տան նախագավթում նրանց համար առանձին շինված խուցերում։ Միրզա-Ֆաթալիին գովաբանում էին, որ կերակրում էր այդ ֆաղիրները աստուծո համար։ Եվ շատերը կարծիք ունեին, թե այդ իմաստունները ալքիմիայի արհեստով շինում էին նրա համար ազնիվ մետաղներ, որով այնքան հարստացած էր Միրզա-Ֆաթալին։ Բայց ո՛չ այս, ո՛չ այն, դերվիշները նրա համար շինում էին խարդախ դրամներ։
Միրզա-Ֆաթալիի ծառան իմաց տվավ, թե Ռես Վասակյանը կամենում է առանձնակի տեսություն անել՝ հարկավոր խոսելիքի համար։
— Մաշատի-Սմայելի,— ասաց նա յուր որդուն,— դուք այստեղ վերահասու եղիք առևտրական գործերին, մինչև ես կվերադառնամ։
Նա մտավ կրպակին կից փոքրիկ սենյակը, ուր սպասում էր նրան պարոն Վասակյանը։
— Հը՜մ, ի՞նչ կա, Ռե՛ս, բարի լինի,— ծիծաղելով ասաց Միրզան սովորական ողջունից հետո։
— Աստուծով բարի է... ես չար և անօգուտ գործերի համար ձեր շեմքը չեմ կոխել,— պատասխանեց պարոն Վասակյանը։
— Դարձյալ ո՞րս... կա՞ մի այդպիսի բան,— հարց արավ պարսիկը խորհրդական եղանակով։