Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՜, որս... բայց որպիսի՜․.. խիստ գեր և պարարտ.․․ ես կթռցնեմ դուք զարկեք,— պատասխանեց խաբեբան իրանց միայն հասկանալի ոճով։

Շատ լավ. ես պատրաստ եմ կատարել սուրբ պարտականությունները, միայն դուք պարզեք գործի իսկությունը։

Պարոն Վասակյանը խոսեց.

— Մեր գյուղում բնակվում է Հովասաբենց տիկին Թարլան անուն այրին։ Դա մի աղքատ կին է, որի ապրուստի միակ աղբյուրներն են՝ նրա տունը և այն մեծ այգին, որ ժառանգությամբ մնացել են նրա հանգուցյալ ամուսին այրից։ Այդ կինը ունի մի ամենագեղեցիկ աղջիկ Սալբի անունով, որ նշանված է տեր-Առաքելենց Ռուստամին։ Բայց իմ տերը, Սոլոմոն֊բեկը, մելիք Պիլատոսի որդին, ամենասաստիկ կերպով սիրահարված է օրիորդ Սալբիի աննման գեղեցկությամբ։ Մեր բոլոր ջանքերը, որևիցե հնարքով հրապուրել մանուկ օրիորդի սիրտը դեպի պատանի Ավազակյանցը, բոլորը իզուր անցան։ Եվ որքան օրիորդ Սալբին մնացել է հավատարիմ յուր նշանածի սիրույն, այնքան Սոլոմոն-բեկը պահանջում է ինձանից նրա սերը գրավել դեպի ինքը։ Միրզա, լսեցեք,— առաջ տարավ պարոն Վասակյանը.— ինձ խիստ պետք է ձեր գործակցությունը, և մի առատ դրամացի օգուտ ստիպում է մեզ սառն աչքով չնայել այդ գործի վրա, այլ աշխատիլ մի հնարքով կատարել Սոլոմոն-բեկի կամքը, ընդսմին և տեր դառնալ այն բավականաչափ գումարին, որ ես կորսայի մեջտեղից։

— Որպիսի՞ հնար,— հարցրուց անհամբերությամբ Միրզա-Ֆաթալին,— և ի՞նչ գումար կարելի է որսալ այդ գործի միջից։

— Միակ գործադրելի հնարը,— առաջ տարավ պարոն Վասակյանը,— չէ այլ ինչ, միայն նյութական միջոցներով պարտավորել տիկին Թարլանը, կամ ավելի պարզ ասած՝ գնել նրա աղջիկը արծաթով։ Այդ իրողությունը կարելի անելու համար՝ պետք է գտնել մի հնարք, որ նրանք կարոտություն ունենային արծաթի.— այսինքն՝ մի անհրաժեշտ կարիք, որ ստիպե տիկին Թարջանին յուր աղջիկը փոխարինել արծաթի հետ։

— Կա՞ մի այդպիսի ստիպողական միջոց կամ հնարք, որով տիկին Թարլանը հանձն առներ, որպես ասացիք, յուր աղջիկը փոխարինել արծաթի հետ,— հարցրուց պարսիկը, ավելի ուշադրությամբ մտադիր լինելով յուր լսածներին։

— Կա,— պատասխանեց Ռեսը բանիմաց մարդի եղանակով։— Կա մի ավելի հաջող հնարք այդ անելու։ Ես պատմեցի Սոլոմոն-բեկին,