Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե տիկին Թարլանի հանգուցյալ այրը թողել է մի հազար թումանի պարտք Միրզա-Ֆաթալի պարսկին և նրա տունը ու այգին գրավ են այդ փողի գումարին։ Սոլոմոն-բեկը հրամայեց, թող տիրե Միրզան յուր գրավները, և տիկին Թարլանը չունենալով այդքան կարողություն վճարելու պարտքը, անշուշտ դիմելու է դեպի մի ուրիշի օգնությունը։ Այն ժամանակ մենք կհատուցանենք Միրզայի փողը, և գրավները ձրիաբար տիկին Թարլանին դարձնելով, կպարտավորեցնենք նրան, և որպես ասացինք, կգնենք նրա աղջիկը արծաթով։

— Երբ չկա այդպիսի գրավատոմսակ, ի՞նչ պետք է արած։

— Ես գիտեմ, որ չկա, բայց ի՞նչ դժվար գործ է խարդախ գրավատոմսակներ շինելը ձեր ձեռքում...։

— Այդ իրավ... բայց պետք են մի քանի հավատարիմ վկաներ։

— Վկաները հայերի կողմից կլինինք մինը ես, մյուսը տեր Մարկոսը, մեր քահանան, և մի քանի այլ հոգի ես կարող եմ գտնել, իսկ թուրքերի կողմից դուք կարող եք գտնել շատերը,— պատասխանեց Ռեսը։

— Բայց դուք միամտացա՞ծ եք Սոլոմոն-բեկի զոհաբերության մասին։

— Բոլորովին։ Նա, չնայելով յուր այնքան ժլատությանը, գիտեմ, յուր բոլոր հարստությունները չէ խնայելու այդ գործի մեջ յուր նպատակը հառաջ տանելու համար։ Միայն թե դուք աշխատեցեք որքան կարելի է շուտով հնարելու գրավաթուղթը և տիրելու այն անշարժ կայքերին։ Եվ այդ գումարը բաժանելու համար ես անում եմ այդպիսի պայմաններ. հազար թումանի հինգ հարյուրն քո բաժինն է, իսկ մնացյալ հինգ հարյուրն ես պետք է կես կիսեմ տեր Մարկոսի հետ, որ մեզ խորհրդակից է։

— Շատ լավ. քահանայի գործակցությունը հարկավոր է մեզ։

— Քահանայի գործակցությունը հարկավոր է և մի ուրիշ պատճառով, որ եթե այդ գործի մասին դատաստանական քննություն լինի, քահանան կվկայե, թե հանգուցյալը յուր մեռնելու ժամանակ խոստովանվել է մի այդպիսի պարտքի մասին։ Մեր ժամանակը մի բախտավոր ժամանակ է,— կրկնեց Ռեսը հրճվանոք.— մոլլաներն, որպիսի թուղթ ուզում ես, տալիս են չնչին արծաթով... քահանաները վկայում են ամեն տեսակ ստություն... և սուտ վկաներ կարելի է ճարել ամեն ազգից մի բաժակ արաղով... միայն ճարտարություն պետք է, որսալու արծաթ...։

— Արդարև, այդպես է,— ասաց Միրզա-Ֆաթալին։— Բայց