Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուք անհոգ կացեք, Ռես, ես առավոտյան կսկսեմ գործը, և հույսով եմ, որ բոլորը կվերջացնեմ մի քանի օրվա մեջ։

Պարոն Վասակյանը մնաք բարյավ ասելով, հեռացավ։

Մի քանի օրից հետո Միրզա-Ֆաթալին խանի հրամանով տիրեց տիկին Թարլանի այգին և արտաքսեց նրան այն նվիրական տանից, ուր երկար տարիներով բնակվել էր Հովասաբենց ազգատոհմը։ Տիկին Թարլանը ճարահատյալ տեղափոխվեցավ յուր դրացի ծերունի Մկրտչի՝ մեզ նախածանոթ տունը։

Այդ հանկարծակի անցքը մահու չափ ցավալի եղավ տիկին Թարլանին. նա չէր կարողանում տանել յուր անբախտությունը։ Մի օր, երբ նա միայնակ նստած լաց էր լինում յուր սև օրը, լսելի եղավ, որ զարկում էին բակի դռները. սարսափելի դող եկավ խեղճ տիկին Թարլանի վրա։— Գնա, ասաց նա օրիորդ Նազանուն, գնա, տե՛ս, այլևս ո՞վ կամենում է վրդովել մեր հանգստությունը... եթե այն անիծյալ Միրզա-Ֆաթալիի մարդիկ լինեն, ասա՛, ես հիվանդ եմ, չեմ կարող ընդունել մարդիկ։

Աղախինը շուտով հետ դարձավ, հայտնեց. Վասակյան Ռեսը հարկավոր խոսելիք ունի։

— Բարի՜ լինի...— կրկնեց տիկին Թարլանը և հրամայեց աղախնուն, որ ասե, թող ներս գա։ Եվ ինքը, չորելով աչքերի արտասուքը, ընդունեց պարզ և հանդարտ կերպարանք։

Ներս եկավ Ռեսը. տիկին Թարլանը ոտքի ելավ նրա առջև, ցուցանելով արժանավոր ընդունելություն, երկուքն կրկին նստեցան միմյանց շատ մոտավոր։

Ռեսը սկսավ հարցնել տիկին Թարլանի առողջությունը և նրան պատահած դժբախտությանը ցույց էր տալիս խորին ցավակցություն։ Նազանին ոտքի վրա սպասավորություն էր անում, նա շուտով մատույց հյուրին ղեյլան, և պարոն Վասակյանը սկսավ ծանր ու հանդարտ կերպով ղռղռացնել։

— Ասացեք, խնդրեմ,— հարցուց պարոն Վասակյանը երկար լռությունից հետո,— ի՞նչպես վերջացավ ձեր վեճը Միրզա-Ֆաթալիի հետ։

— Ես իմ բնակությունը փոխելով այդ աղքատին տան մեջ, դուք պիտի հասկանաք, ես զրկված եմ իմ տանից,— պատասխանեց տիկին Թարլանը հոգվոց հանելով։

— Տեր ողորմյա...— գլուխը շարժեց խաբեբան ավելի ցավակցություն, ցույց տալով։— Ասացեք խնդրեմ, ձեր լուսահոգի