Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդ Սալբին ոչինչ պատասխան չտվավ։ Արտասուքը նրա աչքերի մեջ չէին կարողանում շիջուցանել կրակը բոցավառված աչքերի և նրա շնչառությունը խեղդվում էր սրտի տհաճությունից և մրրկահույզ վրդովմունքից։

— Սալբի, սիրական,— հառաջ տարավ մայրը,— մի լավ մտածեցեք. Սոլոմոն-բեկը, մեր երկրի առաջին իշխանի որդին ցանկանում է պսակվիլ քեզ հետ... այդ աստուծո ողորմությունը չէ՞...։

— Ուրեմն դուք միտք ունիք պղծել իմ հոր սուրբ ուխտը,— պատասխանեց օրիորդը վշտացած կերպով։

— Ի՞նչ պետք է արած... երբ աղքատությունը ստիպում է...։ «Հարկ զօրէնս լուծանէ», ասում է գիրքը,— պատասխանեց նրա մայրը։

— Ուրեմն դուք կամիք վաճառե՞լ ինձ։

— Ոչ։ Բայց ես իբրև մայր, իբրև առավել փորձառու իմ այնքան անցուցած օրերով, կամենում եմ բախտավորել քեզ. հաստատ գիտելով այդ չար աշխարհի գործը, որ նա յուր դառնությունները միշտ թափում է աղքատների վրա..., բայց արծաթից, իբրև կախարդական թիլիսիմից, միշտ փախչում են կյանքի հոգսերը...։

— Մայր իմ,— ասաց նա հանդարտությամբ,— դուք խիստ սխալվում եք ձեր դատողությանց մեջ. որովհետև, արծաթը թունավորում է երջանկություն ասած բանը։

— Ձեր մանուկ սրտին դյուրին է այդպես մտածել, բայց իմ ծամերը սպիտակացել են վշտակրության մեջ. ես առել եմ աշխարհի դառն համը... այդ պատճառով, մտածում եմ քեզ համար, գոնյա, ես հանգստությամբ գերեզման մտնեմ, չտանելով իմ հետ հողի տակ և այն ցավը, թե դուք մնացիք արևի տակ ինձ նման դժբախտ...։

— Աղքատությունը մեղք բան չէ,— պատասխանեց օրիորդ Սալբին սառնությանբ։— Եվ եթե մարդիկ կսանձեին իրանց եսական շահասիրությունները և մարդասիրությունը տեղի կգտներ բարի քրիստոնյաների մեջ, այն ժամանակ կարող էինք ասել, աղքատություն ասած բանը չէ ապրում աշխարհի մեջ։

— Դրանք վերացական մտքեր են, որդի,— նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը։— Մենք պետք է մեր անձը հարմարեցնենք ներկա ժամանակի և մեր կյանքի պիտույքների հետ։

— Ժամանակի հետ ես գործ չունիմ. ես ամենևին ուշադրություն չեմ դարձնում, թե ի՛նչ բաներ գործվում էին իմ շրջակայքում. բայց ես գործ ունիմ իմ սրտի, իմ մտքի, իմ գաղափարների