Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ. ես իմ անձս կհարմարացնեմ իմ կամքի հետ, մտածելով, թե երկու սիրավառ սրտերի համար և այն փոքրիկ, համեստ խրճիթների մեջ կարելի էր գտնել բախտավորություն։

— Դուք ապրում եք ֆանտազիայով,— կրկնեց նրա մայրը վշտացած սրտով և ավելի չկամեցավ խոսել նրա հետ, այլ առավ չարսավը, սկսավ գնալ առավոտյան ժամը խռոված սրտով։ Նա ճանապարհում անիծում էր ինքն յուր անձը, յուր անխելքությունը, թե ինչու յուր աղջիկը տվեց ուսում և գիտություն սովորելու, որ կարողանա մինչև այն աստիճան լրբանալ, ընդդիմանություն գործելով յուր կամքին, կամ այնպես համարձակ և անամոթ կերպով խոսել սիրո վրա։ Նա գնաց ժամ աղոթելու և սրբերու բարեխոսությունները խնդրելու, որ յուր աղջկա միտքը փոխեին...։

Ժամից դուրս գալուց հետո նրան հանդիպեց ճանապարհում Ռես Վասակյանը, որ՝ յուր կյանքում եկեղեցվո երես տեսած չլինելով, նույն առավոտ գնացել էր, այն մտոք, որ կարողանա խոսել տիկին Թարլանի հետ։

— Եկեղեցում մեր պարտքը աստծուն հատուցանելեն հետո, այժմ մնում է մեզ լցնել մեր պարտավորությունները դեպ մարդիկ,— խոսեց նա ավելի բարեպաշտություն ցույց տալով։ Գիտե՞ք, պատվելի տիկին, որքան անհանգիստ եմ ձեր գործի մասին... Ես մտադիր էի ձեզ մոտ գալ այս առավոտ, լավ եղավ, հանդիպեցանք միմյանց. դուք խոսեցի՞ք ձեր դստեր հետ այն խորհրդի մասին, որ անցյալ օր այնքան սիրով ընդունեցիք դուք։

Տիկին Թարլանը, տակավին հույս ունենալով թե մի կերպով կարող էր համոզել յուր աղջիկը, պատասխանեց.— Ի՞նչ հարկ կար այդ մասին խորհրդակցել իմ դստեր հետ. միթե մեր աղջիկները մինչ այն աստիճան լրբացա՞ծ են, որ կարողանային ընդդիմություն գործել իրանց ծնողների կամքին։ Մենք ունինք իշխանություն մեր աղջիկների վրա, ոչ միայն մեր ուզած մարդին տալու, այլև վաճառելու։

— Ահա՛ ամենաճշմարիտ խոսվածքը,— կրկնեց բանսարկուն։— Միայն հիմար Եվրոպան շնորհել է յուր որդիներին այնքան անտեղի ազատություններ ամուսնության մասին։ Բայց իրավ, մեր ասիացի ծնողները առավել իրավացի վարվել գիտեն իրանց որդիների հետ...։ Եվ Եվրոպայի պղծությունները մեծ ապացույց են, նրանց չարաչար սխալմունքներին։

— Իշխանություն տալ հասուն աղջիկներին, իրենց կամքի