Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Րաֆֆին ամենահիմնավոր կերպով ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը իրավունք ուներ ոտքի կանգնելու և պաշտպանելու իրեն, թոթափելու օտարի լուծը: Դա կլիներ ազատագրական, արդարացի պայքար ընդդեմ ճնշման, բռնարար և ժողովրդակործան ֆեոդալական բեկական սիստեմի: Վեպը շնչում է հենց այս գաղափարով։

«Խենթը» եռում է կրքերով, նա արտացոլում է այրվող հողի վրա ապրող ժողովրդի տրամադրությունները. այն սրում է մարդկանց միտքը, նախապատրաստում նրանց ազգային ազատագրական պայքարի, տալիս է պայքարող մարդու կերպարը: Դրանք են Վարդանը, Դուդուկչյան-Սալմանը, Մելիք-Մանսուր, սրանց հետևողները: Վեպի առաջատար գաղափարախոսությունն էլ արտահայտում են նախ և առաջ Դուդուկչյանը և Վարդանը:

Րաֆֆին ինքը, որպես պատմաբան ու վիպասան, և նրա սիրելի հերոսները բազմիցս դրվատում են Ռուսաստանի դերը և ռուսների նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Ռուսները անօրինակ քաջությամբ են կռվում պաշարված Բայազետում, նրանք իրենց շուրջը համախմբել են հայերին և թուրք կամավորներին, «Ռուսաց հաջողակ սուրն» ընկճում է բարբարոսների ուժը:

Պետք է, անշուշտ, նկատի առնել, որ Րաֆֆին վեպերում գործածում է Ժամանակի տերմինները: Ռուս—թուրքական պատերազմի տարիներին դրանք տարածված հասկացողություններ էին թշնամուն բնութագրելու համար: «Քրիստոնյաների կռիվն ընդդեմ մահմեդականների» ոճը պատերազմ վարող ռուսական բանակի, նաև մամուլի, հրապարակախոսության ոճն էր: Այդ ու նման տերմինները կազմում էին լոկ արտաքին մի կեղև, որի տակ հասկացվում էր սլավոնական ժողովուրդների պայքարն ընդդեմ ոեակցիոն թուրք բռնակալության: Թուրք—քրդական բանակում էլ դրոշ էր դարձված իսլամը:

Ռուսների վարքագիծը տեղացիների նկատմամբ շատ դրական գնահատական է ստացել վեպում: Այստեղ հաստատվում են հետևյալ մտքերը: Հայերը ռուսաց հողի վրա են փրկվել բարբարոսների սրից, «Ռուսաստանը ազատագրական պատերազմ է մղում հանուն բալկանյան ժողովուրդների ազատության», «նրանք (ռուսները) կգան և մեզ էլ կազատեն»—ասում է ծերունի Խաչոն, «Ռուսները ամեն կերպով կօգնեն մեզ», «Խենթը» վեպը, սկզբից մինչև վերջ, «ռուսական զենքի, Ռուսաստանի, ռուս ժողովրդի գովքի գիրքն է, նրանց պրոգրեսիվ դերի և առաքելության մեծարումը: Եթե «Սալբի» վեպի առաջաբանում Րաֆֆին դեռ չէր ըմբռնում թե ի՛նչ դրական դեր ունեցավ Հայաստանի միացումը Ռուսաստանին, ապա «Հարեմ» վեպում նա այդ հարցը ճիշտ է հասկանում, իսկ «Խենթում» լայնորեն է դրսևորում իր բացարձակ ոգևորությունը Ռուսաստանի առաքելության նկատմամբ:

«Խենթում», «Ջալալեդդինում», նաև «Կայծերում», Րաֆֆին ընդգծում է հերոս անհատի դաստիարակության խնդիրը և ցույց է տալիս այդ անհատներին գործողության մեջ: Այդպիսի անհատներից են Վարդանը և Դուդուկչյանը, որ սիրում են իրենց հայրենիքը և ժողովրդին, մտնում են պայքարի մեջ օրինակ տալու և մտքեր սերմանելու համար, նրանք անցնում են կոնսպիրացիայի բովով,