Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մելիքը, յուր անչափ փառասիրության պատճառով, շուտով կզիջաներ յուր բարկությունից, երբ մինը աղաչավոր կերպով, փաղաքշաբար՝ խոնարհվում էր նրա առջև։

— Ո՞վ է նա, որ այդ մասին չարախոսել է ձեզանից,— հարցրուց Մելիքը մի փոքր հանգստանալով։

Ձեր գանձապետը, որ ոչ սակավ դիպվածներում ցույց է տվել ինձ յուր թշնամությունները։

Պարոն Վասակյանը, վաղուց դարանակալ լինելով Հափշտակելու գանձապետի պաշտոնը, հաջող միջոցներով, միշտ սուտ և խորամանկ չարախոսություններով, աշխատում էր նրան կացուցանել մելիքի աչքում մի ավազակ և ստախոս մարդ։

— Եթե գանձապետը սուտ ամբաստանություն է արած ձեր մասին, ես կպատժեմ նրան։

— Ինձ այնքան ցավալի չէ, երբ ես ձեր առջև կորցնում եմ իմ բարի համարումը, բայց առավել զգալի է ինձ, երբ ես բաց աչքով տեսնում եմ նրա գողությունները։

Դյուրահավան մելիքը իսկույն հավատաց ստախոսին, բայց չկամենալով նույն րոպեին խոսել մի այդպիսի առարկայի վրա, ասաց.

— Մենք ուրիշ ժամանակի ենք թողնում խոսել դրա մասին, ես ինքս հասկացել եմ գանձապետի անհավատարմությունները, միայն ասեք, ի՞նչ է ձեր կարծիքը Սողոմոնի մի այդպիսի հիմար ցանկության վրա։

— Ես մինչև հիմա չեմ լսել և չեմ հասկացել, թե ձեր որդին կամք ունի Հովասաբենց աղջիկը իրան կին առնուլ․ եթե եղել է մի այդպիսի բան, այդ խիստ հակառակ է իմ կամքին, և ես կաշխատեմ նրա սրտից դուրս բերել մի այդպիսի հիմար ցանկություն։

Հանկարծ ներս մտավ մելիքի կինը, Նազլու խանումը, յուր ամուսնի նման հաստլիկ և մսի կոճղ։

— Մենք ի զուր բարկացել ենք Ռեսի վրա,— ասաց նա յուր կնոջը։

— Ի՞նչպես,— հարցրուց Նազլու խանումը։

— Մենք սխալված ենք, կարծելով, թե Ռեսը նույնպես խառն է եղել Սոլոմոնի գործի մեջ։

— Թող երեսը սպիտակ լինի, երբ այդպես է, — պատասխանեց նրա կինը։

—Դուք, Ռես, աշխատեցեք հեռացնել Սոլոմոնին յուր ցնորված մտքերից, և այս անդամիս բաշխում եմ նրա մեղքը, և չեմ