Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Իմ թանկագին բարեկամ, ճշմարիտ, ես երկյուղ ունիմ, գուցե մեզ ղրկեն միմյանցից...։

«Ե՛կ, հասիր, ազատե ինձ, գնանք, հեռանանք այս չար երկրից, գնանք, ուր ճակատագիրը կոչում է մեզ։ Գնանք, խառնվինք այն քաջ վրանաբնակների հետ, բառնանք նրանց սրբությունները, և նրանց հետ միասին, թափառինք սարից սար, ձորից ձոր, մինչև նախախնամությունը կհաստատե մեր կացությունը ամուր երկրի վրա, ուր հայկական տունկը՝ ազատ, ինքնուրույն կաճեր, կհասունանար...։

«Այն օրից, որ կարդացել եմ քո օրագիրը, իմ սրտի մեջ գոյացել է մի անհանգստություն՝ դեռևս ինձ անհասկանալի բաղձանքի հետ։ Վրանաբնակ այրին և նրա անբախտ որբիկը միշտ իմ մտքիս մեջ են, ես չեմ մոռանում նրանց։ Շատ անգամ ես մտածում եմ, իմ բոլոր կյանքս ընծայել նրա սպասավորությանը, իմ կրծքի վրա գրկելով նրա որբիկը, իմ բազուկների վրա մեծացնելով և իմ ձեռքով շարժելով նրա օրորոցը։

«Եկ, մի ուշացիր, բեթլեհեմյան աստղը առաջնորդում է մեզ դեպի այրի կնոջ չադրը. եկ, գնանք, երկրպագություն տանք այն մանուկին...։

«Քո Սալբին»:

Նա ծալեց և կնքեց նամակը, տվավ Խաչոյին, որ սպասում էր նրա սենյակի դռան մոտ։

ԼԲ

ՀՈւՍԱՀԱՏՈԻԹՏՈԻՆ

Հուսահատությունը միշտ բնական է փոքրոգի մարդիկներին, որոնց միտքը, սիրտը, խելքը և բոլոր հոգեկան զորությունները, չեն կարող տանել դժբախտության հարվածներին։

Պարոն Վասակյանի խորհուրդը,— որով մարգարեաբար պատվիրեց Սողոմոն-բեկին՝ մի քանի օր հիվանդ ձևանալ, գուցե մելիքը, հասկանալով, թե նրա հիվանդության պատճառն էր օրիորդ Սալբին, համոզվեր կատարել նրա կամքը,— եղավ ուղղորդ— «մարդի ասած, տերի լսած»— Սոլոմոն-բեկը իրավ հիվանդացավ։ Եվ